Պետք չէ դանակը ոսկորին հասնի, նոր տեղից շարժվենք. Փաշինյանը երրորդ դեղաչափն արդեն ստացել է

Կորոնավիրուսի համաճարակի հերթական ալիքն ավելի սահուն կերպով հաղթահարեցինք, ինչի համար երկու հիմնական պատճառ կա։ Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով առաջին պատճառն այն է, որ պատվաստումների որոշակի շեմից հետո զգացվեց դրա ազդեցությունը համաճարակային իրավիճակի վրա։
«Երկրորդն այն է, որ նախորդ շրջանում հիվանդացությունների արդյունքում նաև որոշակի իմունիտետի ձևավորման գործընթացն է կարևոր եղել։ Մենք պետք է հասկանանք, որ հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է, և այստեղ մեր բոլորի խնդիրը պետք է լինի պատվաստումները շարունակել այնպես, ինչպես անում էինք այն ժամանակ, երբ մեր օրական թվերը 1500-ի էր հասնում, մահվան 70 դեպք էինք ունենում։ Պետք չէ դանակը ոսկորին հասնի, նոր տեղից շարժվենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ կարևոր է այս հանգիստ փուլում շարունակենք պատվաստումները։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն էլ երրորդ դեղաչափն արդեն ստացել է և բոլորին խորհուրդ է տալիս։




















