Մենք պետք է հարգենք մեր հարևան երկրներին. Սուքիասյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին
Ես ուզում եմ այնպես լինի, որ մեր սերունդներն ունենան հզոր երկիր, բերեկեցիկ կյանք։ Այդ մասին այսօր խորհրդրանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը հաշտ է թուրքերի հետ հարաբերություններ կառուցելու փաստի հետ։
Նրա խոսքով՝ դրա համար ֆորմուլաներ կան։
«Մենք պետք է հետևենք տարածաշրջանի զարգացումներին, գիտակից լինենք։ Մենք էլ պիտի օգտվենք, մեր հարևաններն էլ։ Մենք պետք է մեր հարևաններին հարգենք, նրանք էլ մեզ հարգեն»,- ասաց նա։
Հարցին, թե արդյոք ինքը տեղյակ է՝ Թուրքիան իր նախապայմաններից հրաժարվե՞լ է՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց՝ ասելով, որ վերջերս ինքը երկար է մտածել ու մի մտքի հանգել՝ այն գործընթացներն ու հայտարարությունները, որոնք կարող են տարածաշրջանում լինել, շատ հաճախ մեզնից չի կախված։
«Կան ձգտող երկրները, որոնք ուզում են Թուրան կառուցել, բայց կան ավելի հզոր երկրներ, որոնք իրենց ֆորմուլաներն ունեն»,- ասաց նա։
Ըստ Սուքիասյանի՝ այդ իսկ պատճառով պետք է խելացի լինել։
«Այսինքն՝ դա մեր գործը չի, մեր գործը հարևանների հետ հարաբերություններ կառուցելն է»,- ասաց նա։