Կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը
Իսպանիայի Լեոն քաղաքում 112 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը՝ Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիան։ Այս մասին հաղորդում է Գինեսի ռեկորդների գրքի կայքը։
Նշվում է, որ մահը վրա է հասել տանը։ Գարսիան 112 տարեկան և 341 օրական էր։
Տղամարդը Գինեսի ռեկորդների գրքում էր հայտնվել 2021 թվականի սեպտեմբերի 10-ին։
Նա ծնվել էր Լեոնում 1909 թվականի փետրվարի 11-ին։ Կարճահասակության (150 սմ) պատճառով Իսպանիայի քաղաքացիական պատերազմի տարիներին (1936-1939) նրան բանակ չէին զորակոչել, այդ ժամանակ նա սկսել էր զինվորների համար կոշիկ արտադրել։ Ազատ ժամանակ սիրել է ֆուտբոլ խաղալ։
Նա 7 դուստրերի հայր էր, 14 թոռան և 22 ծոռան պապիկ։