Տոներից հետո ինչպես կորցնել ավելորդ կիլոգրամներն ու մաքրել օրգանիզմը
Այս օրերին բոլորն են մասնակցում տոնական սեղանների շուրջ ուրախ հավաքույթների։ Իսկ տոնական սեղանի անբաժան մասն են կազմում ալկոհոլային ու գազավորված ըմպելիքները, հայկական ավանդական խոզի բուդը, դժվարամարս աղցաններն ու ընդեղենը, ինչպես նաև մսից պատրաստված բազմաթիվ կերակուրներ։ Սակայն ուտելիքների այս բազմազանությունը կարող է բացասաբար անդրադառնալ մեր ինքնազգացողության ու քաշի վրա, և քանի որ տոնական օրերից հետո, այնուամենայնիվ, մենք ստիպված ենք վերադառնալ մեր առօրյա կենցաղային հոգսերին, ապա ճիշտ ժամանակն է սկսել հոգալ սեփական օրգանիզմի մասին՝ փորձելով պահել տոնական տրամադրությունն ու միևնույն ժամանակ ազատվել մի շարք անհարմար վիճակներից։ Առաջարկում ենք մի քանի պարզ միջոցներ, որոնց շնորհիվ առանց խիստ դիետաների ու մարզասրահներ հաճախելու հնարավոր կլինի մաքրել օրգանիզմն ու լավ ինքնազգացողություն ունենալ։
Կիտրոնով տաք ջուր ըմպեք
Օրը սկսեք մեկ բաժակ տաք կիտրոնաջրով․ այն ըմպեք նաև օրվա ընթացքում։ Կիտրոնն օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ հատկություններով է օժտված և տաք ջրի հետ համադրությամբ լավ խթանում է մարսողությունն ու հեղուկով հագեցնում օրգանիզմը։ Այս ընթացքում շատ ջուր օգտագործելն ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ դա կօգնի երիկամներին ու լյարդին արդյունավետորեն դուրս բերել տոքսիններն օրգանիզմից։
Սնվելուց առաջ խոտաբույսերով թեյ խմեք։ Շատ օգտակար է սամիթով թեյը, քանի որ օգնում է հաղթահարել մարսողության հետ կապված խնդիրները՝ ստամոքսի խանգարումը, փորափքանքը, փորկապությունը, այրոցը, գազերի առաջացումը, աղիների գրգռվածությունը և այլն։
Նախապատվությունը տվեք բուսական ծագման սննդին
Անգամ եթե դուք երդվյալ մսակեր եք, ապա այս օրերին արժե ավելի լուրջ վերաբերվել բուսական ծագման սննդին։ Այս դեպքում ամենևին էլ պարտադիր չէ քիչ սնվելը, ուղղակի պետք է նախապատվությունը տալ սննդարար և օգտակար ուտեստներին, որոնք օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ սննդարար յութերով, բայց և չեն ծանրաբեռնի այն և կօգնեն մարսողության կարգավորմանը։ Ուստի տոներից հետո շատ լավ կլինի մրգերով, բանջարեղենով և բուսական ծագման սպիտակուցներով հարուստ սնունդ ընդունել։
Երեկոյան 6-ից հետո մի սնվեք
Սա լավ տարբերակ է ավելորդ կալորիաներից և ծանրաբեռնվածությունից ազատվելու և սննդից առավելագույն օգուտ քաղելու համար։ Մի փոքր քաղցած մնալու արդյունքում օրգանիզմն էներգիա ստանալու համար կայրի ճարպերը, իսկ մարսողական համակարգը կհասցնի վերականգնվել։
Մարմնամարզությամբ զբաղվեք
Թերևս ամենաարագ ու արդյունավետ տարբերակը՝ օրգանիզմի էներգետիկ համակարգն ու լավ տրամադրությունը վերականգնելու համար։ Ընդ որում, կարծում ենք, չարժե հիշեցնել, որ մարմնամարզությամբ արժե զբաղվել ոչ միայն տոներից առաջ կամ հետո, այլ ամեն օր՝ թեկուզ օրական 10 րոպե։ Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս համացանցի միջոցով ներբեռնել վարժությունների արդյունավետ համակարգեր և դրանց միջոցով առավել լավ արդյունքի հասնել։