Ապահովագրության այս շոու-ծրագիրը կտևի մինչև ընտրությունների ավարտը, որ բնակչության մեծ մասը ուրախ գնա քվե տա, հետո արդեն կասեն փող չկա. Գևորգ Գրիգորյան
- 1 hour ago
- 1 min read

Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրներին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ «Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի անդամ, բժիշկ, առողջապահության ոլորտի կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը՝ ի պատասխան պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, պարզաբանեց, թե ինչու է առողջապահության ապահովագրական համակարգի առաջին եռամսյակում արդեն գերծախս արձանագրվել, և ինչու է կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել 2,5 մլրդ դրամ։
«Որպես նախաձեռնության անդամ, որպես մարդ, ով բացարձակապես չի վախենում քաղաքականացվելուց և չի հանդիսանում որևէ կուսակցության անդամ, բազմիցս ասել եմ ու կրկնում եմ՝ իրենց պետք է, որպեսզի բնակչության մեծ մասը կողմ լինի, ուրախ լինի, ժպտա, գնա և քվե տա։ Իսկ հետո մարդկանցից կհավաքեն համավճար՝ ինչ չափով ուզեն։ Ինչքան կլինի բժշկի աշխատավարձը, բժիշկները կմնա՞ն համակարգում, թե՞ դուրս կգան ոլորտից, որքան հերթեր կլինեն՝ այդ հարցերը նրանց համար այնքան էլ կարևոր չեն»,- ասաց նա։
Գևորգ Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ ապահովագրական այս ծրագիրը երկար չի տևելու՝ ընդամենը մինչև ընտրությունների ավարտը։
«Այս ապահովագրական շոու-ծրագիրը կտևի մինչև հունիսի վերջ կամ հուլիսի սկիզբը ամեն ինչ կաշխատի, հետո բուժկենտրոնների տնօրենները կհասկանան, որ համակարգում պարզապես փող չկա։ Սա առաջին սերիան է՝ կասեն փող չկա, հետո կասեն թող հիմա անվճար աշխատեն, հաջորդ տարի կփոխհատուցենք, իսկ վերջում պարզապես կասեն՝ դե այսպես ստացվեց»,- նշեց նա։




















