top of page

Գերությունից հայրենադարձված Սերժիկ Ամիրխանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը դեռևս չի քննվել



Դեկտեմբերի 4-ին գերությունից հայրենադարձված և հայրենիքում կալանավորված զինծառայող Սերժիկ Ամիրխանյանի իրավունքները խախտվում են հենց հայրենիքում։ Նրան կալանավորելու որոշման դեմ դեռևս տոներից առաջ ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը չի քննել, իսկ երեկ նշանակված դատական նիստը հետաձգվել է՝ դատախազի բացակայության հիմքով, հայտնում է «Փաստինֆո»-ն։


Զինծառայող Սերժիկ Ամիրխանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը ներկայացվել է դեկտեմբերի 14-ին, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանին։ Վերջինս դատական նիստի օր է նշանակել հունվարի 5-ը, սակայն նիստից մի քանի ժամ առաջ պաշտպանության կողմին տեղեկացվել է, որ դատական նիստը տեղափոխվում է հունվարի 7-ին։ Երեկ նշանակված դատական նիստը ևս չի կայացել, այս անգամ՝ դատախազի բացակայության հիմքով։


Փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ դատախազը չէր ներկայացել դատական նիստին՝ տեղեկացնելով, որ այլ դատական նիստ ունի, չի կարող ներկայանալ։ Պաշտպանության կողմն առարկել է՝ նշելով, որ արդեն չափազանց շատ է ձգձգվել բողոքի քննությունը, դատախազի բացակայությունն անհարգելի է, դատարանը պետք է առանց դատախազի լսի բողոքը, սակայն նախագահող դատավորը հայտնել է, որ հարցեր ունի դատախազին, հետևաբար, դատական նիստը պետք է հետաձգվի։


Պաշտպանության կողմը գտնում է, որ խախտվում է անձի խափանման միջոցի վերանայման իրավունքը․ թեև կոնկրետ օր սահմանված չէ, պրակտիկայում ընդունված է, որ բողոքը քննվում է շատ ավելի կարճ ժամկետներում։


Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, ապա Սերժիկ Ամիրխանյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանը հայտնել է, որ Ամիրխանյանը մի քանի անգամ հարցաքննվել է, ցուցմունքներ տվել՝ մանրամասն ներկայացնելով դեպքը։

1/2102
bottom of page