ԵԱՀԿ նախագահն առաջնահերթ է համարել ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորման որոնումները
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն անհրաժեշտ է համարում հատուկ ուշադրություն դարձնել ԵԱՀԿ տարածքում անվտանգային իրադրության բարելավմանը՝ մասնավորապես նպաստելով տարածաշրջանային ու ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորման փնտրտուքներին: Այդ մասին Ռաուն խոսել է 2022 թվականին ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնելու ժամանակ:
«Ժամանակն է մեր ուշադրության կենտրոնում դնել մարդասիրական նկատառումները: Ամեն ձգձգված հակամարտության հետևում կան մարդիկ, ովքեր ամենաշատն են տառապում»,- ասել է Լեհաստանի ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ-ում իրենց նախագահության ընթացքում առաջնահերթ է լինելու հակամարտությունից տուժած տարածքներում հասարակություններին, մասնավորապես հատուկ ուշադրության կարիք ունեցող խոցելի խմբերին աջակցության ցուցաբերումը:
Զբիգնև Ռաուն խոսել է նաև ԵԱՀԿ տարածքում փոխընկալման բարելավման ու լարվածության թուլացման անհրաժեշտության մասին: «Մենք կենտրոնանալու ենք շարունակաբար վատթարացող մթնոլորտում երկխոսության որակի բարելավման վրա»,- նշել է նա: