Այգավան գյուղի գազալցակայանում պայթյունի հետևանքով 2 վիրավորներից մեկը մահացել է
- Lilit
- Mar 11
- 1 min read

Երեկ՝ մարտի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժին ահազանգ է ստացվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից և հայտնել են, որ մարտի 4-ին «ջերմային այրվածք բոցով՝ դեմքի, գլխի, պարանոցի, իրանի, զույգ վերին վերջույթների շրջանում, ինհալացիոն վնասվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գեղամ Իսրայելյանն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը և Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Հարութ Փայտյանը «Այրվածաբանության ազգային կենտրոն» էին տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոնից՝ մարտի 4-ին՝ Այգավան գյուղում գործող գազալցակայանում առաջացած պայթյունի հետևանքով: Այս պահին Հ. Փայտյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ: