Ոչ թե ճիշտ էր, այլ չափազանց անորոշ․ Քոչարյանի թիմը՝ Ալեն Սիմոնյանի գործով վճռի մասին
- 2 hours ago
- 1 min read

Օրերս տեղեկություն տարածվեց, որ առաջին ատյանի դատարանում Ալեն Սիմոնյանը հաղթել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Yerevan.Today-ի հետ ունեցած զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նշեց․ «Դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը ոչ թե այն հիմնավորմամբ, որ Ալեն Սիմոնյանի արտահայտությունները եղել են իրավաչափ, հիմնավորված կամ թույլատրելի քաղաքական խոսք, այլ ընդհակառակը՝ այն պատճառաբանությամբ, որ դրանք, ըստ դատարանի, եղել են այն աստիճանի անստույգ, վերացական և անկապ, որ դրանցով չի ապացուցվել Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը նպատակաուղղված արատավորելու դիտավորության առկայությունը։Փաստորեն, դատարանը չի արդարացրել Ալեն Սիմոնյանի հրապարակային խոսքը, այլ դրա իրավական հետևանքների բացակայությունը պայմանավորել է բացառապես այդ խոսքի անորոշ և ոչ հստակ բնույթով։
Ստացվում է, որ քաղաքական բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից հրապարակային հաղորդակցության գնահատման առանցքում դրվել է ոչ թե խոսքի բովանդակությունը, այլ դրա անորոշության աստիճանը։Դատարանի այս իրավական մոտեցումը կհանդիսանա վերադաս դատական ատյաններում վերանայման առարկա»։
Հարկ է հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց էր ներկայացրել Ն․ Փաշինյանի և Ա․ Սիմոնյանի դեմ։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր իրեն դատի տալու հանգամանքին՝ նշելով․ «Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար․․․»։ Դրանից հետո նա շարունակել էր իր գրառումը նաև այլ ընդունակություններով։
Ռոբերտ Քոչարյանը դատական կարգով Ալեն Սիմոնյանից պահանջում էր պատասխանատվություն իր պատիվն ու բարի համբավը արատավորելու համար։ Դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի հայցը մերժվել է, սակայն ուշագրավ է հենց այդ մերժման պատճառաբանությունը։




















