top of page

ՄԱԿ. ԿԴՀ-ում Էբոլա տենդից յուրաքանչյուր 30 րոպեն մեկ մարդ է մահանում

  • 12 hours ago
  • 2 min read


Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա տենդի բռնկումն արագորեն թափ է հավաքում. այժմ հիվանդությունը մոտ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ մարդու կյանք է խլում: Իրավիճակի մասին զգուշացրել է հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆլեչերը՝ միջազգային հանրությանը կոչ անելով շտապ ուժեղացնել օգնությունը երկրին, հայտնում է AFP-ն:

«Էբոլան հաղթում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Մենք չենք կարող թույլ տալ, որ վիրուսն առաջ անցնի մեր արձագանքման միջոցառումներից»,- հայտարարել է Ֆլեչերը: Ըստ նրա, ներկայիս բռնկումը զարգանում է «դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաարագ տեմպերով»:

Մայիսի 15-ից ի վեր, երբ ԿԴՀ իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին բռնկման մասին, գրանցվել է հիվանդության ավելի քան 4,5 հազար հաստատված դեպք, առնվազն 2128 մարդ մահացել է: Ըստ ՄԱԿ-ի գնահատականի, համաճարակն արդեն կարող է դառնալ պատմության մեջ Էբոլայի ամենամահաբեր բռնկումը:

«Համաճարակը յուրաքանչյուր 30 րոպեն մեկ մարդ է սպանում: Վտանգի տակ են շատ այլ մարդիկ»,- ընդգծել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Ֆլեչերը հայտնել է, որ երկրներն արդեն գրեթե 300 միլիոն դոլար են ուղղել բռնկման դեմ պայքարի հիմնադրամին: Բացի այդ, ՄԱԿ-ն արտակարգ իրավիճակների հիմնադրամից հատկացրել է ևս 30,5 միլիոն դոլար՝ լրացնելով ԿԴՀ-ին և չորս այլ երկրներին օգնելու համար նախկինում ուղղված 24 միլիոն դոլարը:

Հիվանդությունն արդեն գրանցվել է ԿԴՀ վեց նահանգներում, ինչպես նաև Ուգանդայում: Դեպքեր են հայտնաբերվել նաև Հարավային Սուդանի հետ սահմանին մոտ գտնվող շրջաններում:

Ըստ Ֆլեչերի, առաջնագիծ է ուղարկվել ևս 20 աշխատակից, սակայն դա բավարար չէ: ՄԱԿ-ը կոչ է անում կրկնապատկել մահացածների անվտանգ և արժանապատիվ հուղարկավորությամբ զբաղվող թիմերի թիվը, եռապատկել բուժման հնարավորությունները, ուժեղացնել վարակվածների կոնտակտների հետագծումը և տարածաշրջան ուղարկել ավելի շատ փորձառու մասնագետների:

«Չափազանց կարևոր է բավարարել տարածաշրջանի հսկայական կարիքները ջրի, սանիտարական պայմանների, բժշկական օգնության և այլ հիմնական ծառայությունների ոլորտում»,- նշել է Ֆլեչերը՝ հավելելով. «Աշխարհը պետք է արթնանա և օգնության հասնի»:

ԿԴՀ-ում Էբոլայի ներկայիս՝ 17-րդ բռնկումն առաջացել է Բունդիբուգիո (Bundibugyo) շտամով: Վերջին 50 տարում Աֆրիկայում Էբոլա վիրուսը ավելի քան 15 հազար մարդու կյանք է խլել: Նախորդ խոշորագույն բռնկումը, որը տևել է 2018–2020 թվականներին, հանգեցրել է գրեթե 2,3 հազար մարդու մահվան:

1/3563
bottom of page