Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ-ում կիրառվող մի շարք քրեական գործեր ապօրինի են և օգտագործվում են իշխանության կողմից՝ պատվեր իջեցնելու համար. Արծվիկ Մինասյան
- Lilit

- 17 hours ago
- 1 min read

Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ-ում կիրառվող մի շարք քրեական գործեր ապօրինի են։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա պարզաբանեց, որ դա հատկապես վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասին («հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը»)։
«Վենետիկի հանձնաժողովը հաստատել է թե՛ դիմումատուների, թե՛ իրավապաշտպանների տեսակետը, որտեղ հստակ ձևակերպում է, որ հավաքների կազմակերպման կամ անցկացման նյութական շահագրգռվածության վերաբերյալ ձևակերպումը Քրեական օրենսգրքում չի կարող լինել իրավաչափ։ Ավելին՝ այն իր իրավական որոշակիության տեսակետից ունի անհստակության բարձր աստիճան և օգտագործվել է քաղաքական իշխանության կողմից պատվեր իջեցնելու համար, որպեսզի հարուցվեն բազմաթիվ քրեական գործեր։ Դրանց թիրախում են հայտնվել թե՛ կուսակցություններ, ինչպես ՀՅԴ-ն, թե՛ շարժումներ, և թե՛ առանձին անձինք»,– ասաց Մինասյանը։
Նրա խոսքով՝ այս հոդվածով ոչ միայն գործեր են հարուցվել, այլև բազմաթիվ դեպքերում կիրառվել է կալանք և արձակվել են դատական ակտեր։ «Այսինքն՝ ըստ էության, հակասահմանադրական և հակամիջազգային իրավունքի տեսանկյունից մեկնաբանություն է կիրառվել»,– նշեց նա։
Մինասյանի տեղեկացմամբ՝ հատկապես այս հոդվածն է կիրառվել Ավետիք Չալաբյանի նկատմամբ, իսկ կալանքների մասով՝ նաև ՀՅԴ Եղեգնաձորի, Վայքի, Արմավիրի և Արարատի գրասենյակների նկատմամբ։ Նրա խոսքով՝ այսօր էլ նոր քրեական վարույթներ են նախաձեռնվել նույն հոդվածի շրջանակներում։




















