Դեռահաս աղջիկների այցելությունները գինեկոլոգին աճել են․ ինչ խնդիրներով են դիմում
- May 19
- 2 min read

Վերջին տարիներին մանկական և դեռահասների գինեկոլոգներին այցելությունների թիվը նկատելիորեն աճել է։ Մասնագետները սա կապում են ոչ միայն որոշ առողջական խնդիրների հաճախացման, այլև ծնողների շրջանում իրազեկվածության բարձրացման հետ։ Այսօր ավելի շատ ընտանիքներ են հասկանում, որ դեռահասների առողջական հարցերը պահանջում են ժամանակին ուշադրություն և մասնագիտական մոտեցում։
Սեռական հասունացման շրջանը յուրաքանչյուր աղջկա կյանքում կարևոր և զգայուն փուլ է, որն ուղեկցվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական փոփոխություններով։ Հաճախ դեռահասները կամ նրանց ծնողները չեն տարբերակում բնական փոփոխություններն առողջական խնդիրներից, ինչի հետևանքով բժշկին դիմելը երբեմն ուշանում է։
Սեռական հասունացման, սեռական դաստիարակության և այլ հարցերի շուրջ Aysor.am-ը զրուցել է մանկական և դեռահասների գինեկոլոգ Լիանա Քոչարյանի հետ։
-Բժշկուհի, արդյո՞ք վերջին շրջանում շատացել են աղջիկ երեխաների և դեռահասների այցելությունները գինեկոլոգին, եթե այո, ապա ինչո՞վ է պայմանավորված։
Աղջիկ երեխաների գինեկոլոգիական խնդիրներով պայմանավորված այցերը, այո՛, հիմա բավականին հաճախակի են դարձել։ Կարծում եմ՝ դա ավելի շատ պայմանավորված է ծնողների ավելի շատ ուշադիր և զգոն լինելով, փոքրիկ խնդրի դեպքում, կամ նույնիսկ խնդրի բացակայության դեպքում զուտ կանխարգելիչ նպատակով հաճախ մայրն իր երեխայի հետ այցելում է մանկաբարձ-գինեկոլոգի, որպեսզի լիարժեք պատկերացնի աղջկա ինտիմ հատվածի խնամքը, հետևի հիգիենայի բոլոր կանոններին։ Մի քիչ ավելի մեծ տարիքում՝ սեռահասունացման շրջանում շատ մայրիկների համար անհանգստացնող է, թե ինչպես բացատրեն իրենց աղջիկներին սեռահասունացման մասին, ինչպիսի միջադիրներ կրեն, հիգիենայի ինչպիսի կանոնների հետևեն, որպեսզի հետագայում խնդիրներ չունենան, ինչու չէ՝ նաև, թե ինչ սնունդով սնվի երեխան, որպեսզի որևէ խնդիր չունենա։ Այս հանրագումարի արդյունքում ունենք այցերի աճ։
-Հիմնականում ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում։
Ամենատարբեր խնդիրներով՝ կախված տարիքային խմբից, եղանակային իրավիճակներից։
Երբ են դիմում գինեկոլոգի։ Դիմում են հեշտոցաբորբերի, հեշտոցից արյունային արտադրության, տարբեր արտադրությունների, մեծ և փոքր արտաքին սեռական շրթունքների կպման պրոցեսների ժամանակ, օտար մարմինների առկայության ժամանակ, երբ երեխայի մոտ անընդհատ ունենում ենք հեշտոցաբորբի կրկնություն, վաղաժամ սեռական հասունացման, կրծքագեղձերի վաղաժամ մեծացման դեպքում։ Դիմելիությունը բավականին մեծ է՝ օնանիզմի հետ կապված տարբեր խնդիրներով պայմանավորված։ Առաջին դաշտանից հետո դիմում են անոմալ արյունահոսության դեպքում, մազակալման, ճարպակալման, դեմքի ակնեների, հորմոնալ շեղումների համար են դիմում։
-Դուք դպրոցներում սեռական դաստիարակության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։
Ընդհանրապես կողմ եմ սեռական դաստիարակությանը, և, հաշվի առնելով, թե ներկայումս ինչ ժամանակներ ենք ապրում, առավել ևս։ Թե՛ աղջիկը, թե՛ տղան դեռ փոքր տարիքից պետք է իմանա, որ ինտիմ հատվածը միայն իր անձնականն է, որ այն չպետք է ի ցույց դնի օտար մարդկանց մոտ, չպետք է որևէ մեկը իրավունք ու հնարավորություն ունենա կպնելու իր ինտիմ հատվածին, հետևի հիգիենայի բոլոր կանոններին, իմանա, թե ինչ է իրենից ներկայացնում սեռահասունացումը, աղջիկների դեպքում նաև՝ դաշտանային ցիկլը, ինչ պետք է սպասել, մանավանդ հիմա, երբ տեղեկատվությունը մատչելի է և երեխաները կարող են սխալ ինֆորմացիա ստանալ ու հետագայում շեղորեն ազդել սեռահասունացման ֆունկցիայի վրա, սեռական ֆունկցիայի վրա, ընտանիք կազմելու խնդիրների պատճառ հանդիսանալ։
-Սինեխիան ինչպե՞ս է առաջանում և միշտ պե՞տք է բուժել։
Սինեխիաները լինում են կա՛մ բնածին, կա՛մ ձեռքբերովի և դրանց հիմքում ընկած է կանացի հորմոնների դեֆիցիտը, ոչ թե ախտաբանական, այլ՝ ֆիզիոլոգիական։ Չկա էլաստիկություն, մաշկն ունի բավականին կպչելիություն և արդյունքում առաջանում են սեռական մեծ կամ փոքր շուրթերի կպումներ, որոնք երբեմն ուղեկցվում են նաև բորբոքային պրոցեսներով։ Դրանց բուժման մի քանի տարբերակներ կան։ Չեմ ուզում հանրայնացնել բուժման տարբերակները, որպեսզի մարդիկ ինքնաբուժությամբ չզբաղվեն, քանի որ կիրառվող դեղորայքն ունի և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն, և պետք է լինի միայն բժշկի ցուցումով և նրա հսկողության պարագայում։
-Որքա՞ն հաճախ պետք է երեխային տանել կանխարգելիչ զննման։
Կանխարգելիչ նպատակով գինեկոլոգին այցելությունը տարին մեկ անգամ իդեալական է համարվում։




















