Հայ միլիարդատիրոջ անձնազnh առաքելությունը. Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը
- 1 hour ago
- 1 min read

Հայ միլիարդատիրոջ անձնազոհ առաքելությունը: Այս մասին գրել է Չեխական Lidové noviny պարբերականը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը:
«Հայ գործարար և քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը միանշանակ անհատականություն չէ։
2021 թվականին «Forbes» ամսագիրը Վարդանյանի կարողությունը գնահատել է մեկ միլիարդ դոլար։ Սակայն 2022 թվականի աշնանը նա արեց մի բան, որն ամբողջովին անսպասելի էր, և որի գինը վճարում է առ այսօր։ Նա հավաքեց իրերը, հրաժարվեց ռուսական քաղաքացիությունից ու իր գործունեությունից և մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որն այն ժամանակ կորսված պատերազմից հետո կրճատված էր և ամբողջովին կախված էր ռուս խաղաղապահների քմահաճույքներից։ Վերջիններս այնուհետև պարզապես հետևում էին անկլավի շրջափակմանը, որտեղ այդ ժամանակ դեռ բնակվում էր շուրջ 100 հազար հայ։ Ղարաբաղում Վարդանյանին առաջարկվեց պետական նախարարի, այսինքն՝ դե-ֆակտո անջատողական հանրապետության վարչապետի պաշտոնը, որը գտնվում էր ծայրահեղ ծանր դրության մեջ։
Հայաստանի և արտերկրի իրավապաշտպանների մի խումբ Վարդանյանին առաջադրել է Վացլավ Հավելի անվան մրցանակի։ Նրանք պնդում են, որ հակառակ իր հարստությանը և անձնական հարմարավետությանը, նա ձեռնամուխ է եղել բառացիորեն անձնազոհ առաքելության՝ փորձելով փրկել Լեռնային Ղարաբաղի ժողովրվին այնպիսի ժամանակներում, երբ պարզ էր, որ Ադրբեջանը կգրավի տարածքը, իսկ ռուսները թույլ կտան, որ իրադարձություններն ընթանան իրենց հունով։
«Նա վտանգեց իր անձնական անվտանգությունը և հարմարավետ ապագան՝ փորձելով հասնել երկխոսության, բանակցությունների և փոխըմբռնման աշխարհի ամենաբարդ և զգայուն հակամարտության գոտիներից մեկում»,- ասված է առաջադրման հայտարարության մեջ։
Դեռևս պարզ չէ, թե ինչպես կավարտվի առաջադրումը։ Ադրբեջանական բանտերում պահվող Լեռնային Ղարաբաղի շուրջ երկու տասնյակ հայ բանտարկյալների (որոնցից ութը քաղաքական գործիչներ են) ճակատագիրը գործնականում ոչ մի ուշադրության չի արժանանում աշխարհի կողմից։ Եվ նույնիսկ պարզ չէ, թե որ կատեգորիային պետք է դասել նրանց, թեև իրավապաշտպանները նրանց գործերը համարում են քաղաքականապես մոտիվացված»,- գրված է հոդվածում:




















