Եվրոպայում գազի գինն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե մինչև 1000 դոլար
Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 30-ին կայացած բորսայական սակարկությունների ընթացքում իջել է հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե մինչև 1 000 դոլար, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները: Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչև 1 018 դոլար: Մեկ օրում գազի արժեքի ընդհանուր նվազումը կազմում է 10 տոկոս:
Դեկտեմբերի 21-ին Եվրոպայում գազի սակարանային գինը պատմության մեջ առաջին անգամ հաղթահարեց հազար խորանարդ մետրի դիմաց 2 000 դոլարը՝ սկսվող սառնամանիքների և Եվրոպայի գազի ստորգետնյա պահեստարաններում անոմալ ցածր պաշարների ֆոնին:
Սակայն հետագա օրերին գինը շտկվել է Եվրոպայում հողմագեներացիայի վերսկսման և այն նորությունների ֆոնին, որ ԱՄՆ-ից Եվրոպա հեղուկացված բնական գազ փոխադրող լցանավերի թիվը մեկ երրորդով ավելացել է:
TTF հաբում ապառնագրերի արժեքն անկայուն է սպեկուլյատիվ գործոնի պատճառով և չի արտացոլում Եվրոպային ֆիզիկական մատակարարումների իրական գինը: «Գազպրոմի» տվյալներով՝ 2021 թվականի պարտավորագրերով գազի արտահանման միջին գինը կազմում է հազար խորանարդ մետրի դիմաց 280 դոլար: