Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ»
- 10 hours ago
- 5 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման ամենաքիչ հիշվող, բայց ամենահաճախ սկանդալային պատմությունների կենտրոնում հայտնված պատգամավորներից մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Էմմա Պալյանը, հաջորդ խորհրդարանում այլևս չի լինի։ ՔՊ-ի նախընտրական ցուցակում զբաղեցնելով ընդամենը 93-րդ հորիզոնականը՝ նա փաստացի դուրս է մնում խորհրդարանից։
Էմմա Պալյանի քաղաքական կենսագրությունը երկար պատմություն չունի։ ՔՊ-ին անդամակցել է 2016 թվականին, իսկ մինչև պատգամավոր դառնալը՝ 2019-2021 թվականներին, աշխատել է Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնական։ Սակայն խորհրդարան մտնելուց հետո նա հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց ոչ այնքան օրենսդրական նախաձեռնություններով կամ խորհրդարանական ակտիվությամբ, որքան մեկը մյուսին հաջորդած աղմկահարույց պատմություններով, որոնք պարբերաբար քննարկման թեմա էին դառնում թե՛ մամուլում, թե՛ սոցիալական ցանցերում։
Թերևս ամենահնչեղ պատմությունը վերաբերում էր այն բացահայտմանը, որն արեց հենց «Ժողովուրդ» օրաթերթը։ Պարզվեց՝ պատգամավորն իր ամուսնուն գրանցել էր որպես հասարակական հիմունքներով օգնական։ Էմմա Պալյանը դա բացատրում էր բավական անսովոր հիմնավորմամբ՝ ասելով, որ ամուսինը, որը հաճախ իրեն Գյումրիից Երևան է ուղեկցում, այդ կարգավիճակի շնորհիվ կարողանում է մուտք գործել Ազգային ժողովի շենք և սպասել իր աշխատասենյակում, որպեսզի «դրսում չսպասի» մինչև աշխատանքային օրվա ավարտը։ Այդ պարզաբանումն ավելի մեծ հանրային արձագանք առաջացրեց, քան հենց հրապարակումը։
Պալյանի անունը կրկին հայտնվեց հանրային քննարկումների կենտրոնում, երբ նրա ընտանիքի անդամների՝ մասնավորապես եղբոր և հոր՝ արցախցիների վերաբերյալ հրապարակումները լայն քննադատության արժանացան։ Եղբոր՝ Հայկո Պալյանի գրառումը հանրության կողմից ընկալվեց որպես արցախցիներին տարանջատող խոսույթ, ինչից հետո պատգամավորն անձամբ հանդես եկավ պարզաբանմամբ՝ հայտարարելով, թե եղբայրը նկատի է ունեցել միայն «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերի աշխարհագրական տարբերությունը, ոչ թե մարդկանց բաժանելու նպատակ։
Սրան հաջորդեցին նաև հայտարարագրերի վերաբերյալ հարցերը։ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ պատգամավորի հայտարարագրերում առկա են մի շարք անհամապատասխանություններ, իսկ ավելի ուշ հրապարակումների համաձայն՝ դրանց վերաբերյալ արդեն հարուցվել էին համապատասխան վարույթներ։
Պատգամավորի գործունեության շուրջ հարցերը միայն խորհրդարանական աշխատանքով չէին սահմանափակվում։ Այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ պատգամավորի ընտանիքը Գյումրիում շահագործում է ավտոլվացման կետ, իսկ ավելի ուշ՝ նաև «Golden Moment» ոսկու խանութը։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը ևս գրել էր, որ պատգամավոր Պալյանի եղբորը՝ Հայկ Պալյանին պատկանող գրենական պիտույքների խանութից Շիրակի մարզի մի շարք դպրոցներ գնումներ են իրականացրել։ Արձագանքելով քննադատություններին՝ Էմմա Պալյանը հայտնել էր, որ Շիրակի մարզի 146 դպրոցներից ընդամենը 7-8-ն են գնումներ կատարել եղբոր խանութից, և դա չի կարող դիտարկվել որպես արտոնյալ կամ ազդեցության արդյունքում ձևավորված համագործակցություն։
Արդյունքում, խորհրդարանական մեկ ամբողջական ժամկետից հետո Էմմա Պալյանի գործունեությունը հանրության հիշողության մեջ առավելապես մնաց ոչ թե օրենսդրական աշխատանքի կամ քաղաքական նախաձեռնությունների, այլ հենց այդ աղմկահարույց պատմությունների, տնտեսական վիճակի բարելավման համատեքստում։
Պատգամավոր դառնալուց հետո ունեցվածքն աճել է
Էմմա Պալյանի հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2021 թվականից մինչև 2025 թվականը նրա հիմնական փոփոխությունը եղել է Երևանում բնակարանի ձեռքբերումը, կանխիկ միջոցների աճը և վարկային պարտավորությունների ավելացումը։
Եթե 2021 թվականին նրա անունով գրանցված անշարժ գույք չկար, ապա 2022 թվականին նա ձեռք է բերել Երևանում բնակարան։ Միաժամանակ, 2021 թվականի վերջին հայտարարագրված 2.5 մլն դրամ կանխիկ գումարը 2025 թվականին հասել է 6.5 մլն դրամի։
Վարկային պարտավորությունները ևս աճել են․ 2021 թվականի մոտ 7.5 մլն դրամից 2025 թվականին հասել են ավելի քան 31.7 մլն դրամի։
2021 թվական․ 8.5 մլն դրամ եկամուտ, 2.5 մլն դրամ կանխիկ
Էմմա Պալյանի 2021 թվականի հայտարարագիրը ներկայացվել է, որ այդ ժամանակ պատգամավորը անշարժ գույք իր անունով չի հայտարարագրել, սակայն նշել է, որ տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել է բնակարանի՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։
Նա սեփական ավտոմեքենա չի ունեցել, սակայն նշել է, որ տարվա ընթացքում ավելի քան 90 օր օգտագործել է AUDI մակնիշի 2008 թվականի ավտոմեքենա։
Արժեթղթեր, ներդրումներ, բանկային ավանդներ կամ բիզնես մասնակցություն չի հայտարարագրել։
2021 թվականի սկզբում նրա կանխիկ գումարը կազմել է 150 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 2 մլն 500 հազար դրամ։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում կանխիկ միջոցներն աճել են 2 մլն 350 հազար դրամով։
Տարվա ընթացքում Պալյանը ստացել է ընդհանուր 8 մլն 579 հազար 410 դրամ եկամուտ։
Դրանցից՝
• 6 մլն 132 հազար 210 դրամը՝ աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարումներ՝ ԱԺ աշխատակազմից,
• 190 հազար ռուսական ռուբլին՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված միջոցներ։
2021 թվականի վերջում նրա վարկային պարտավորությունները կազմել են 7 մլն 488 հազար 934 դրամ։
2022 թվական․ ձեռք բերեց Երևանում բնակարան
2022 թվականին Էմմա Պալյանի հայտարարագրում հիմնական փոփոխությունը եղել է բնակարանի ձեռքբերումը։
Նա 2022 թվականի հուլիսի 13-ին ձեռք է բերել Երևանում գտնվող բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում։ Գույքը գրանցվել է համատեղ սեփականության իրավունքով։
Նույն տարվա ընթացքում նա շարունակել է փաստացի տիրապետել նաև Գյումրիում գտնվող բնակարանի։
Տրանսպորտային միջոցներ, ներդրումներ, բաժնեմասեր կամ բանկային ավանդներ չի հայտարարագրել։
2022 թվականի սկզբում նրա կանխիկ միջոցները կազմել են 2 մլն 500 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 500 հազար դրամ։ Այսինքն՝ կանխիկ գումարը նվազել է 1 մլն դրամով։
Եկամուտները կազմել են 8 մլն 243 հազար 245 դրամ։
Դրանցից՝
• 7 մլն 901 հազար 790 դրամ՝ ԱԺ աշխատակազմից ստացված աշխատավարձ,
• 340 հազար դրամ՝ ՊԵԿ-ից,
• 300 ռուսական ռուբլի՝ «Հայ Բիզնես Բանկ»-ից։
Վարկային պարտավորությունները կազմել են 26 մլն 494 հազար 160 դրամ։
2023 թվական․ 12.1 մլն դրամ եկամուտ և 3.5 մլն դրամ կանխիկ
2023 թվականին Էմմա Պալյանի հայտարարագրում էական փոփոխություն գույքի մասով չի եղել։
Նրա անունով մնացել է 2022 թվականին ձեռք բերված Երևանում բնակարանը, ինչպես նաև Գյումրիում փաստացի օգտագործվող բնակարանը։
Նոր գույք չի ձեռք բերել, որևէ գույք չի օտարել։
Կանխիկ գումարը տարվա սկզբի 1 մլն 500 հազար դրամից հասել է 3 մլն 500 հազար դրամի։
Եկամուտները կազմել են 12 մլն 186 հազար 593 դրամ։
Դրանցից՝
• 10 մլն 107 հազար 843 դրամ՝ ԱԺ աշխատակազմից ստացված աշխատավարձ,
• 2 մլն դրամ՝ այլ եկամուտներ ՊԵԿ-ի միջոցով,
• 78 հազար 750 դրամ՝ «Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունից քաղաքացիաիրավական պայմանագրով ստացված եկամուտ։
Վարկային պարտավորությունները կազմել են 26 մլն 450 հազար դրամ։
Բիզնես մասնակցություն, արժեթղթեր կամ ներդրումներ չի ունեցել։
2024 թվական․ եկամուտները հասել են 13.2 մլն դրամի
2024 թվականին Էմմա Պալյանի գույքային պատկերը գրեթե նույնն է մնացել։
Նա պահպանել է Երևանում գտնվող բնակարանը և Գյումրիում փաստացի օգտագործվող բնակարանը։
Նոր անշարժ գույք չի ձեռք բերել, գույք չի վաճառել։
Կանխիկ միջոցները 3 մլն 500 հազար դրամից հասել են 4 մլն 500 հազար դրամի։
Տարվա եկամուտները կազմել են 13 մլն 222 հազար 592 դրամ։
Դրանցից՝
• 10 մլն 222 հազար 592 դրամ՝ ԱԺ աշխատակազմից ստացված աշխատավարձ,
• 1 մլն 500 հազար դրամ՝ այլ եկամուտ Լորիս Մարտիրոսյանից,
• 1 մլն 500 հազար դրամ՝ եկամտային հարկի վերադարձ։
Վարկային պարտավորությունները կազմել են 24 մլն 98 հազար 614 դրամ։
2025 թվական․ 6.5 մլն դրամ կանխիկ, 31.7 մլն դրամ վարկ
Ըստ 2025 թվականի հայտարարագրի՝ Էմմա Պալյանը տարվա ընթացքում ունեցել է 14 մլն 920 հազար 416 դրամ եկամուտ։
Գույքի մասով փոփոխություն չի եղել․ պահպանվել է Երևանում գտնվող բնակարանը, որը ձեռք է բերվել 2022 թվականի հուլիսի 13-ին։
Բացի այդ, նա նշել է, որ 2025 թվականին 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Գյումրիում գտնվող բնակարանի։
Նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։
Կանխիկ միջոցները տարվա սկզբի 4 մլն 500 հազար դրամից հասել են 6 մլն 500 հազար դրամի։
Եկամուտների կառուցվածքը հետևյալն է․
• 12 մլն 820 հազար 416 դրամ՝ ԱԺ աշխատակազմից աշխատանքի վարձատրություն,
• 2 մլն դրամ՝ եկամտային հարկի վերադարձ,
• 100 հազար դրամ՝ ՊԵԿ-ից եկամտային հարկի վերադարձ։
Վարկային պարտավորությունները կազմել են 31 մլն 755 հազար 440 դրամ։
Դրանցից՝
• 19 մլն 765 հազար 904 դրամ՝ հիպոթեքային վարկ,
• 2 մլն դրամ,
• 7 մլն 54 հազար 431 դրամ,
• 2 մլն 935 հազար 105 դրամ՝ այլ վարկային պարտավորություններ։
Այսպիսով, 2021-2025 թվականներին Էմմա Պալյանի հիմնական ակտիվը դարձել է Երևանում ձեռք բերված բնակարանը, իսկ ֆինանսական պատկերի ամենամեծ փոփոխությունը եղել է կանխիկ միջոցների աճն ու վարկային պարտավորությունների ավելացումը։»։




















