«Եթե ընդդիմությունը հրաժարվում է «փողոցային պայքարից», ի՞նչ այլ գործիքակազմ է մնում». Կարեն Վրթանեսյան
- 2 hours ago
- 1 min read

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե ընդդիմությունն ակնարկում է, որ հրաժարվում է «փողոցային պայքարից» (այն է՝ քաղաքացիական դիմադրությունից, որն իրականում շատ ավելի լայն հասկացություն է, քան ցույց կամ երթ անելը, պիկետները ևն), ապա շատ կուզեմ իմանալ, թե ի՞նչ այլ գործիքակազմ է մնում իր ձեռքում օկուպացիոն վարչակարգին դիմադրելու համար։
Ասենք՝ վաղը ևս 50 կամ 100 ընդդիմադիր ձերբակալեցին կամ ՀՀ տարածքի հանձնումների հերթական փուլը սկսվեց, ի՞նչ եք անելու։
*
Սովետական մի անեկդոտ հիշեցի...
Վրացին Մոսկվայում սովորող իր որդուն խանչալ է նվիրում։ Մի քանի ամսից գալիս է որդու մոտ հյուր, տեսնում է ձեռքին թանկարժեք ժամացույց է։ Հարցնում է.
— Տղա ջան, էս ժամացույցը քեզ որտեղի՞ց։
— Պապ ջան, դե էդ արխայիկ դաշույնը ի՞նչ պիտի անեի։ Ծախեցի, էդ փողով տե՛ս ինչ սիրուն ժամացույց եմ առել։
— Բա որ վաղը մեկը ծնողներիդ հայհոյի, ի՞նչ ես անելու։ Ժամացույցդ հանես, ասես. «Երեքին տաս պակաս», հա՞»։




















