Սպառնալիքներ` Ռուսաստանում բնակվող հայերին
- 41 minutes ago
- 1 min read

Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու հարցում Հայաստանի քաղաքացիների համար գործող արտոնությունները բխում են Մոսկվայի և Երևանի դաշնակցային հարաբերություններից։ Եթե այդ կարգավիճակը չլինի, կվերանան նաև արտոնությունները։ Այս մասին հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։
«Հայաստանի քաղաքացիների համար գործող ներկայիս արտոնությունները, օրինակ՝ առանց գրանցման երկարատև բնակությունը, Ռուսաստանի Դաշնությունում պարզեցված կարգով աշխատանքի տեղավորումը, հիմնված են ռազմավարական դաշնակցի կարգավիճակի վրա։ Եթե այդ կարգավիճակը չլինի, կամ ինչ-ինչ պատճառներով այն վերանայվի հայկական քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ, ապա, բնականաբար, նման արտոնությունները կչեղարկվեն, և Հայաստանի քաղաքացիները կանցնեն ընդհանուր ռեժիմի՝ միգրացիոն այն կանոններին, որոնք մեզ մոտ գործում են բոլոր օտարերկրացիների համար»,- ասել է պատգամավորը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանն իր կողմից ցավում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն իրեն հակառուսական հարձակումներ է թույլ տալիս։ «Վստահ եմ, որ դա նրանց հավելյալ միավորներ չի բերի հայ ընտրողների, մեր կողմից սիրված ու թանկագին հայ ժողովրդի աչքերում։ Մենք չէինք ցանկանա, որ մեր երկկողմ հարաբերությունները զարգանային նման հետագծով»,- նշել է Տոլստոյը։




















