top of page

ՊԵԿ նախագահի մասնակցությամբ քննարկվել են մաքսային համակարգի բարեփոխումներն ու նոր նախաձեռնությունները

  • 4 hours ago
  • 1 min read

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի հաջորդ նիստը՝ մաքսային համակարգում ընթացող բարեփոխումներն ու նոր նախաձեռնությունները քննարկելու նպատակով: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Նիստի ընթացքում, մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են օդանավակայանում ուղևորների հսկողության նոր մոդելի ներդրմանն ու կիրառմանն ուղղված հարցեր՝ անդրադառնալով ուղեբեռի զննման առկա իրավիճակին, ընթացիկ խնդիրներին, ինչպես նաև ռիսկերի պրոֆիլների ուսումնասիրությանն ու օպերատիվ աշխատանքների հետ կոորդինացմանը վերաբերող հարցերին: Քննարկվել են ռենտգեն պատկերների վերլուծության մոնիթորինգային կենտրոնի ստեղծման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները, առկա ռեսուրսներն ու կենտրոնի գործարկման ժամկետները: Ներկայացվել է նաև ExIm տեղեկատվական հարթակը՝ ընդգծելով էլեկտրոնային հարթակի հնարավորությունները, առանձնահատկություններն ու  զարգացման հեռանկարները:

Խորհրդի անդամներն ակտիվ քննարկում են ծավալել նաև այլ երկրների հետ տեղեկությունների փոխանակման համակարգի ընդլայնման հնարավորությունների շուրջ՝ ընդգծելով ռազմավարական գործընկեր երկրների հետ համագործակցության շրջանակները: 

Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է եղել նաև արժեքային տվյալների բազաների հասանելիության ապահովմանը, մաքսային պատասխանատվության նորմերի վերանայմանը, ռիսկերի պրոֆիլների նոր կարգի կիրառմանը: Միաժամանակ, կարևորվել է ռիսկերի պրոֆիլների կատարելագործումն ու արդյունավետության բարձրացումը:

ՊԵԿ նախագահը, մաքսային ոլորտում ընթացող բարեփոխումների համատեքստում, կարևորել է Մաքսային ծառայության առաջիկա տարիների զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի և ժամկետների նկատմամբ հետևողականության ապահովումը, ինչպես նաև նոր նախաձեռնությունները՝ ընդգծելով միջազգային փորձի ուսումնասիրությունը, որն ուղղված կլինի տնտեսվարողների շրջանում կարգապահության բարձրացմանն ու մրցակցային առավելությունների ապահովմանը։ 

1/3341
bottom of page