top of page

«Փաստ». Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալները կմեկտեղվեն շտեմարանում. նախագիծ

  • 5 hours ago
  • 1 min read

«Փաստ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ տվյալների շտեմարանի կանոնակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը։

Կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի N 136-Ն որոշմամբ ներդրված՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց գործունեության ծանուցման համակարգի լիարժեք գործարկման համար անհրաժեշտ է հաստատել միասնական տվյալների շտեմարանի կանոնակարգը, որը կապահովի ոլորտի վերաբերյալ տեղեկատվության կենտրոնացված հավաքագրում, պահպանում և մշակում։

Ներկայումս զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ տվյալները հավաքագրվում են տարբեր աղբյուրներից և չեն համադրվում միասնական տեղեկատվական հարթակում, ինչը բարդացնում է պետական մարմինների՝ ոլորտի մշտադիտարկումը, վերլուծությունը և քաղաքականության մշակումը։ Առկա իրավիճակը նաև սահմանափակում է տվյալների փոխանակման արդյունավետությունը պետական մարմինների միջև։

Այս նախագծով առաջարկվում է ստեղծել զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ միասնական տվյալների շտեմարան, սահմանել դրա կառավարման, օգտագործման, տվյալների հավաքագրման, պահպանման և պաշտպանության կարգը, ապահովել տվյալների փոխգործելիությունը այլ պետական տեղեկատվական համակարգերի հետ՝ «մեկ հարցում» սկզբունքի հիման վրա։

Շտեմարանի ներդրումը կնպաստի պետական կառավարման մարմինների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակմանը, վարչարարության պարզեցմանը և բյուրոկրատական գործընթացների կրճատմանը, զբոսաշրջության ոլորտի վիճակագրական և վերլուծական կարողությունների զարգացմանը, ոլորտում թափանցիկության և վերահսկողության բարձրացմանը։

1/3339
bottom of page