top of page

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պարտադրված հրաժարականի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգություններ է առաջացնում. «Գիտուժ»

  • 7 hours ago
  • 1 min read


«Գիտուժ»-ը հայտարարությամբ է հանդես եկել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պարտադրված հրաժարականի վերաբերյալ։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի պարտադրված հրաժարականի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգություններ է առաջացնում գիտական հաստատությունների ինքնավարության և ինստիտուցիոնալ անկախության տեսանկյունից։

Հանրային գիտահետազոտական հաստատության ղեկավարը քաղաքական պաշտոնյա չէ և չի կարող գնահատվել ընթացիկ ներքին կամ արտաքին քաղաքական նպատակահարմարության չափանիշներով։ Եթե գիտական հաստատության ղեկավարի մասնագիտական գործողությունները ներկայացվում են որպես «արտաքին քաղաքականությանը հակասող» կամ «սադրիչ», ապա ստեղծվում է վտանգավոր նախադեպ, ըստ որի՝ գիտական և, տվյալ դեպքում նաև, հիշողության ինստիտուտների գործունեությունը կարող է ենթարկվել քաղաքական վերահսկողության։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ոչ միայն պետական, այլև համազգային և միջազգային հեղինակություն ունեցող գիտական կառույց է։ Նրա ղեկավարության նկատմամբ քաղաքական միջամտությունը հարվածում է հաստատության վստահելիությանը, միջազգային հեղինակությանը և Հայաստանի գիտական միջավայրի անկախությանը։ Այս մտահոգությունն արդեն հնչեցվել է նաև քսանից ավելի հեղինակավոր միջազգային ցեղասպանագետների կողմից։

Եթե գիտական հաստատության ղեկավարը կարող է հեռացվել իր մասնագիտական աշխատանքի բովանդակության համար, ապա վտանգի տակ է հայտնվում ոչ միայն մեկ տնօրենի պաշտոնը, այլև Հայաստանի գիտական հաստատությունների մասնագիտական ինքնավարության սկզբունքը։ Հետևաբար, անհրաժեշտ է կամ ներկայացնել լիարժեք, հրապարակային և իրավաչափ հիմնավորում, կամ վերականգնել տնօրենի լիազորությունները՝ թափանցիկ ընթացակարգով»,- ասվում է հայտարարությունում։

1/3244
bottom of page