top of page

Փաշինյանը ՔՊ նոր «կանոնագրքով» խոստանում է այլևս չհայհոյել, չթիրախավորել մարդկանց ու չխախտել բարեվարքության նորմերը

  • Writer: Lilit
    Lilit
  • 36 minutes ago
  • 2 min read
ree

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ ավետել է բոլորին, որ ՔՊ վարչությունն ընդունել է էթիկայի կանոնագիրք, ըստ որի, այլևս չեն հայհոյելու, անձերին չեն թիրախավորելու ու նվիրված են լինելու բարեվարքության կանոններին։ Բնականաբար այս գրառումը գտել է իր արձագանքը տվյալ անձի ընտրազանգվածի կողմից՝ բազմաթիվ սրտիկների տեսքով, սակայն յուրաքանչյուր ողջամիտ մարդ բնականաբար կհասկանա այս կատակերգության ողջ զավեշտն ու երեսպաշտությունը։ 

Զավեշտ է, երբ հասուն մարդը կամ մարդիկ, ստանձնելով երկրի կառավարման պատասխանատվությունը, չեն կարողանում հասկանալ, որ հրապարակային հայհոյանքը չկայացած մարդու ցուցիչ է, գրագիտության պակասի արդյունք, որոշ առումով էլ նաև անդաստիարակության ապացույց, երեսպաշտություն, երբ քաղաքական ընդդիմադիրներիդ պատասխանում ես հայհոյանքով, եթերն ու պաշտոնական խոսքը ողողում գռեհկությամբ, այնուհետև նախընտրական նպատակներով ընդունում կանոնագիրք թե՝ վե՛րջ, այլևս չենք հայհոյում։ Եթե մարդը սովոր է հայհոյանքին, նրան ոչ մի կանոնագիրք չի փրկի։ Սպանությունն էլ քրեականօրենսգրքով է արգելված, սակայն օր չկա, որ Հայաստանում սպանություններ տեղի չունենան։

Զավեշտ է, երբ մարդը չի կարողանում գիտակցել, որ անթույլատրելի է մտնել այլոց անձնական կյանք ու հրապարակայնացնել մարդկանց անկողիններն ու անձնական նամակագրությունը, երեսպաշտություն, երբ նման գործիքակազմով խաղում են քաղաքական ընդդիմադիրների անվան ու արժանապատվության հետ, մարդկանց վարքն ու բարքը սարքում հանրային քննարկման թեմա, անձերով պայմանավորված բանտերը լցնում քաղբանտարկյալներով, այնուհետև, խնդիրը լուծված համարելով, հայտարարում՝ վե՛րջ, այլևս ոչ մի անձ չի թիրախավորվելու։ Եթե մարդը սովոր է ուրիշների անձնական կյանքն օգտագործել քաղաքական նպատակներով, ապա ոչ մի կանոնագիրք իրավիճակը չի փոխի։ Շանտաժն էլ քրեական օրենսգրքով է արգելված, բայց այն դարձել է ներկայիս իշխանությունների քաղաքական պայքարի անբաժանելի գործիքակազմը։ 

Զավեշտ է, երբ մարդը, ուղիղ ենթակայության տակ ունենալով բոլոր ուժային մարմիններին, տիրապետելով բոլոր պետական լծակներին իր պաշտոնական խոսքը սկսում է վիրավորանքներով, ավարտում՝ սպառնալիքներով, Վեհափառին կոչում ավազանի անունով, դատավորներին՝ վնգստացողներ՝ առանց մտահոգվելու, որ նման վարքով սպանում է քաղաքականությունն ու վարկաբեկում ինստիտուտները, երեսպաշտություն, երբ հասարակությանը վերջնական պառակտելուց հետո հայտարարում՝ այսուհետ պարտավորվում եմ չխախտել բարեվարքության նորմերը։ Եթե մարդը զուրկ է ներքին կուլտուրայից, ապա կանոնագիրքն անզոր է լինելու մարդուն բարեվարքություն հաղորդել։ Խուլիգանությունն էլ Քրեական օրենսգրքով է արգելված, սակայն Հայաստանում այն դարձել է սովորական առօրյայի անբաժանելի մասնիկ։ 

Եվ վերջում, երբ մարդիկ, որոնք մինչև այդ չէին հասկանում, որ չի կարելի հայհոյել, չի կարելի թիրախավորել անձանց ու չի կարելի խախտել բարեվարքության նորմերը ու այսօր նրանց հրամայվում է այլևս նման արարքներ թույլ չտալ, ապա այդ կանոնագիրքը նմանվում է «Քաջ Նազարի»-ի գլխավոր հերոսի հրամանին. «Գյադեք, դե՛սն անցեք, չէ՛, գյադե՛ք, դե՛նն անցեք»։ 

bottom of page