top of page

ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն

  • Writer: Lilit
    Lilit
  • 5 hours ago
  • 1 min read

ree

47-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1.2 անգամ։ Ընդհանուր դեպքերի 80%-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը։

Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի, պարագրիպի հարուցիչները։

Նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում սուր շնչառական վարակների սեզոնին ընդառաջ ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի արդյունքում հստակ նշված ցուցիչն անցնելու դեպքում տվյալ դպրոցը կամ ուսումնական հաստատությունն անցնում է տնային դասերի:

Նոյեմբերի 28-ի դրությամբ ընդհանուր 55635 բացականերից սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակա են 8064-ը, ինչը կազմում է ընդհանուր բացակաների 14.4%-ը:

8064 ՍՇՎ-ով բացականերից 104-ը բացահայտվել է «համաճարակային ֆիլտրի» արդյունքում և ուղարկվել է տուն:

Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, բարդություններից խուսափելու նպատակով ՀՎԿԱԿ-ը կրկին հիշեցնում և հորդորում է.

  • պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա,

  • խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,

  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով,

  • երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին,

  • մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

  • հագնվե´ք եղանակին համահունչ,

  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

  • հետևե´ք անձնական հիգիենային:

1/3004
bottom of page