Կիեւը ստանալու է անվտանգային երաշխիքներ եւ համաներում, իսկ ՀՀ իշխանությունները դրան չեն կարողացել հասնել. Մարուքյան
- Lilit

- Nov 23
- 2 min read

Եվրոպայում կարծում են, որ Ռուսաստանն ու ԱՄՆ–ն բանակցում են Եվրոպայի եւ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ՝ առանց քննարկելու ԵՄ–ի եւ Կիեւի հետ եւ հրամցնում են ինչ–որ նախապայմանների փաթեթ, որն անընդունելի է ԵՄ–ի համար։ Նման կարծիք է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Նախագահ Թրամփը սկսում է մեծացնել ճնշումը թե ԵՄ–ի, թե Ուկրաինայի նկատմամբ, եթե նախագահ Զելենսկին չի համաձայնվում, կարող ենք կռվել, սակայն կա ակնկարկ՝ առանց կռվել ամերիկյան զենքի եւ ընդհանրապես աջակցության։ Ուսումնասիրելով ամերիկյան առաջարկի կետերը, այնտեղ կա մի կետ, որ Ուկրաինան պետք է ստանա հստակ, ամրագրված անվտանգային երաշխիքներ։ Սա շատ կարեւոր է մեզ համար ընկալելու, որ Հայաստանը չի ստացել անվտանգային երաշխիքներ ոչ Ադրբեջանից, ոչ Թուրքիայից, իսկ Ուկրաինան որ գնա այս համաձայնության, ստանալու է անվտանգային երաշխիքներ այն երկրից, որը հարձակվել է իր վրա։ Իսկ Հայաստանը ոչ մի երաշխիք չի ստացել ու չի էլ ստանում ոչ մի փաստաթղթով»,– ասել է Էդմոն Մարուքյանը։
Անդրադառնալով տարածքային զիջումներին՝ Մարուքյանը նշել է, որ ըստ այս առաջարկության, Ղրիմը, Լուգանսկը, Դոնեցկը պետք է ճանաչվեն որպես դե ֆակտո Ռուսաստանի Դաշնություն, այսինքն, սա նշանակում է՝ հարձակում կամ որեւէ գործողություն չպետք է արվի դա հետ բերելու համար, Խերսոնի եւ Զապորոժիեի տարածքում պետք է սառեցվի շփման գիծը եւ համարվի դե ֆակտո շփման գիծ, այսինքն այս տարածքները նույնպես շարունակելու են մնալ Ռուսաստանի վերահսկողության տակ. «Ուկրաինան Դոնեցկում պետք է հետ քաշի զորքերն այն տարածքներից, որոնք ինքը վերահսկում է, այսինքն պատերազմի միջոցով չզիջած տարածքները տա Ռուսաստանին։Հաջորդ կետը՝ կոնֆլիկտի բոլոր կողմերը պետք է համաներում ստանան, իսկ Ադրբեջանում այսօր հայերին դատում են, այսինքն մենք այդ երաշխիքն էլ չենք ստացել»։
Մարուքյանի խոսքով՝ սա կապիտուլյացիա չի Ուկրաինայի համար, անդառնալի կորուստներ են, բայց եթե այս վիճակում կարողանան պատերազմը կանգնեցնել, էլի լավ է. «Ուկրաինայի ղեկավարության համար շատ դժվար կլինի ստորագրել սա, քանի որ կարմիր գծերն այլ են։ Ռուսաստանի համար էլ դժվար կլինի գալ այս համաձայնության, որովհետեւ անդադար գնում են առաջ։ Սա ուզում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, քանի որ ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է եւ Թրամփի համար շատ կարեւոր է, որ ունենա խաղաղության համաձայնություն Եվրոպայում, սա էլ իրեն կբերի խաղաղարարի իրական դափնիներ։ Այս համաձայնությանը հասնելով՝ Թրամփը ԵՄ–ին կդնի շատ ծանր վիճակում եւ նորից շատ խորը կախյալ իրավիճակում Միացյալ Նահանգներից։ Ես կարծում եմ՝ Եվրոպան չի համաձայնվելու սրան եւ այնպես է անելու, որ Ուկրաինան չհամաձայնվի այս 28 կետերին։ Սա կարող է հիմք հանդիսանալ բանակցությունների համար»։
Ամփոփելով խոսքը՝ Մարուքյանը նշել է, որ Ուկրաինայի բանակցային թիմը հայկականի հետ անհամեմատելի է, հետեւաբար պետք է փոխվի Հայաստանում իշխանությունը, որ կարողանա հայ ժողովուրդը իրական խաղաղության հասնել։




















