Իսկ ինչի՞ց պետք է խոսեն նախկին նախագահները. Տիգրան Դումիկյան
- Lilit

- Oct 7
- 2 min read

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրել է. «Հայաստանի վարչապետը հերթական անգամ հրապարակային կոչով նախկին նախագահներին Արցախի հարցով հրավիրում է հեռուստաբանավեճի՝ միաժամանակ, մերժելով նրանց պահանջը՝ հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ քննարկված փաստաթղթերը։ Եթե վարչապետն, իսկապես, այդքան վստահ է իր փաստարկների հարցում, ապա ինչո՞ւ է խուսափում փաստաթղթերի հրապարակումից։ Ո՞րն է նրա իրական մտավախության պատճառը։
ՀՀ անկախության տարիները համընկան Ղարաբաղյան շարժման հետ։ Խաղաղ, քաղաքակիրթ պահանջներից սկսված շարժումը վերածվեց հայ բնակչության՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված զանգվածային տեղահանությունների, հալածանքների, ջարդերի ու բռնաճնշումների։ Դրանց հաջորդեց բացահայտ ռազմական ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ։ Ժամանակի իշխանությունը սակայն, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, չվախեցավ մարտահրավերներից․ստանձնեց պատասխանատվություն, դիմացավ ճնշումներին և պատվով հաղթահարեց փորձությունը։ Առաջին նախագահի կողքին էին նաև այն մարդիկ, ովքեր հետագայում դարձան երկրորդ և երրորդ նախագահներ։ Սխալներ եղե՞լ են։ Այո՛։ Հնարավո՞ր էր ուղղել։ Միանշանա՛կ։
Երեք նախագահների կառավարման տարիներին Հայաստանն ապրում էր «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում, բայց ուներ պաշտպանական համակարգ, որը զսպում էր թշնամուն։ Մասնավորապես՝ 2016-ի քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ բանակը կարողանում է դիմադրել և պարտադրել զինադադար։ Հայաստանը շարունակում էր մասնակցել բանակցություններին, ամրապնդում էր Զինված ուժերն ու պետականությունը։
Ի՞նչ եղավ 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Պատերազմ, աղետալի կորուստներ և պետական պատասխանատվությունից հրաժարում։ Գործող իշխանությունը փորձեց ամեն ինչ բարդել նախկինների վրա՝ թիրախավորելով բանակցային գործընթացը, բանակը, անգամ անտեսանելի ուժերին։ Եթե նույն իրադարձությունները տեղի ունենային մինչև 2018թ․-ը, կարելի էր խոսել նախկին իշխանությունների համակարգային ձախողումների մասին։ Բայց երբ 2020թ․-ի պատերազմը ղեկավարում էր արդեն նոր իշխանությունը, որը, օրինակ, հսկայական կորուստների ֆոնին հերոսացնում էր պարտված հրամանատարներին, ապա մեղքն այլևս կիսելու տեղ չունի՝ հատկապես, որ պատերազմը հնարավոր էր կանգնեցնել հայկական կողմի համար շատ ավելի շահավետ փուլում, բայց նույնիսկ դա չարվեց՝ ներքաղաքական շահերի պատճառով։
Այսօր ակնհայտ է՝ Հայաստանը չունի արտաքին սպառնալիքներին ողջամտորեն արձագանքող իշխանություն։ Փաշինյանը նախագահներին բանավեճի է հրավիրում՝ գիտակցելով, որ առանց փաստաթղթերի հրապարակման նրանք հրավերը չեն ընդունի։ Նա փորձում է ստեղծել կեղծ տպավորություն, թե, իբր, նախկիններն «արդեն ընդունել էին պարտությունը»։ Սա ընդամենը քաղաքական պարզագույն մանիպուլյացիա է։
Ավելին՝ բանակցային գործընթացից դժգոհ, Արցախի կորստի մեջ բոլորին մեղադրող Փաշինյանի վարչակարգը խոչընդոտում է անգամ արցախահայերի Մայր հայրենիքում վերաբնակեցմանը՝ աջակցության ոչ լիարժեք ծրագրերով նրանց մղելով արտագաղթի։ Պետք է արձանագրել՝ այս իշխանությունն այնքան տկար է, որ, վախերով պայմանավորված, բախտի քմահաճույքին է հանձնել տեղահան եղած իր հազարավոր հայրենակիցներին, սպառնում է եկեղեցուն, արհամարհում է ազգային արժեքները, չի համարձակվում նույնիսկ այցելել Եռաբլուր, բայց անդադար խոնարհվում է թշնամու առաջ։ Ի՞նչ սպասել նման վախկոտ ու աթոռամոլ խմբակից, որը պատրաստ է ամեն ինչ զոհել իշխանությունն օր ավել պահելու համար։
Ելքը մեկն է՝ իշխանափոխություն։ Այո’, նոր իշխանությունն էլ հաշվի է առնելու միջազգային փաստաթղթերը և առաջնահերթ է համարելու խաղաղության օրակարգը։ Բայց կա մեկ տարբերություն․նոր իշխանությունը չի գնա այն վտանգավոր ու կեղծ խաղաղությանը, որի քողի տակ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ կհայտնվեն Հայաստանում։ Իսկ դա իրական սպառնալիք է, հայրենիքի վերջնական հանձնում, սեփական ժողովրդի ապագայի մսխում․․․»,-գրել է նա։




















