Պետությունն ասել է՝ կրճատեք աշխատակազմը, մենք չենք կրճատել, մեր գրպանից մարդկանց աշխատավարձ ենք տալիս.Նարեկ Կարապետյան
- Lilit

- Jul 2
- 2 min read

Եթե լինում է այնպիսի վթար, երբ շատ մեծ քանակի բնակչության էլեկտրականություն է անջատվում, ասենք Երեւանի 3 թաղամաս, դա չի կարող լինել ՀԷՑ–ի պատճառով, որովհետև ՀԷՑ–ինը փոքր-փոքր ենթակայաններ են, որոնք սնուցում են թաղերը։ Այս մասին հարցազրույցում նշել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։
Իր ասածը հիմնավորելու համար նա պարզաբանեց, որ օրինակ, ատոմակայանը էլեկտրականություն է արտադրում, պետական «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» (ԲԷՑ) այն տեղափոխում է այս կամ այն քաղաք, որտեղ նոր այն փոխանցում է ՀԷՑ–ին, որն էլ կազմակերպում է էլեկտրամատակարարումը։
«Մեծ վթարները հիմնականում պետական ԲԷՑ–ի վթարներն են, որը տեղի ունեցավ մայիսին, նաև մի քանի օր առաջ։ Եթե ձեր ամբողջ շրջանում խնդիր կա, ուրեմն ԲԷՑ–ն է պատճառը, եթե ձեր մի քանի շենքում է խնդիրը, ուրեմն ՀԷՑ–ն է։
Այն լարերը, որ մենք փողոցում տեսնում ենք, դա ՀԷՑ–ի լարերը չեն, դրանք ինտերնետային լարեր են, իսկ ՀԷՑ–ի լարերը բոլորը հողի տակ է»,– ընդգծեց Նարեկ Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչ էփոխվել ՀԷՑ–ում, երբ «Տաշիր» ընկերությունների խումբը ձեռք բերեց ՀԷՑ–ը։
Նրա խոսքով, ներդրվել է էլեկտրաէներգիայի հաշվիչների թվային համակարգը ւ 800 հազար մարդ միացրած է այդ համակարգին օնլայն ռեժիմով. «Դրա արդյունքում, էլեկտրաէներգիան ավտոմատ անջատվում է, եթե մարդը չի վճարել եւ ավտոմատ էլ միանում է։ Այն մարդիկ, ովքեր չէին վճարում էլեկտրականության համար, սկսեցին վճարել։ Դրա շնորհիվ մենք կարողացանք 40 միլիոն դոլար տարեկան խնայել, այդ միջոցներով վճարել ատոմակայանին, Երևանի ՋԷԿ-ին, որպեսզի էլեկտրաէներգիայի գինը չբարձրանա։ Եթե մենք սա չանեինք վերջին 8-9 տարվա ընթացքում ժողովուրդը պետք է 40 միլիոն դոլար ավել գումար հավաքեր, որպեսզի վճարեր լույսի փողը։
Ուզում եմ նշել, որ ՀՀ–ում գրեթե բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները այս նույն ժամանակահատվածում իրենց ծառայությունների գները բարձրացրել են։ Օրինակ «Հայփոստը» պետականացնելուց հետո, վերջին 10 տարվա ընթացքում համարյա երկու անգամ բարձրացրել է իր սակագները, «Վեոլիա ջուրը» վերջին 5-6 տարվա ընթացքում բարձրացրել է 10% ով, Բարձրավոլտը՝ 80%-ով։ Մեր դեպքում մենք համարյա թե նույն սանդղակի վրա ենք, չնայած որ կան այսպիսի թանկացումներ։ Դա արդյունք էր մի քանի բաների, առաջինը ավտոմատիզացիայի, երկրորդը գողությունների կրճատման, կադրային քաղաքականության ու օպտիմիզացիաների արդյունքում մենք կարողացանք պահել սակագինը ու չունենալ սակագնային աճ»,– ընդգծեց նա։
Նարեկ Կարապետյանը նաեւ նշեց, որ պետությունն ասել է՝ կրճատեք ձեր աշխատակազմը, մենք չենք կրճատել ու մոտավորապես տարին 3-4 միլիոն դոլար մեր գրպանից այդ մարդկանց աշխատավարձները տալիս ենք»։




















