Աթենք-Երևան չվերթի ուղևորներից մեկի մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի 4 000 հաբ, 970 գրամ կոկաին, 885 հատ թմրամիջոց պարունակող հաբ, տարբեր գրառումներով 15 դեղապատիճ
- Lilit
- 16 hours ago
- 1 min read
ՆԳՆ-ից հայտնում են՝ թմրամիջոցների մաքսանենգության դեպք է արձանագրվել մայիսի 1-ին։
«Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներով, տեղեկություն էին ձեռք բերել, որ արտերկրից Երևան ժամանող 52-ամյա մի տղամարդու ուղեբեռում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ կան։ Տեղեկությունը փոխանցվել է Պետական եկամուտների կոմիտե՝ համապատասխան հսկողություն սահմանելու նպատակով։
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարող քրեական ոստիկաններն, օպերատիվ տվյալները վերջնականապես իրացնելիս, համագործակցեցին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների հետ։
Արդյունքում՝ Աթենք-Երևան չվերթի ժամանումից հետո մաքսային զննման ենթարկվեց 52-ամյա տղամարդու ուղեբեռը։ Հայտնաբերվեցին ընդհանուր 4000-ից ավելի «էքստզի» տեսակի թմրամիջոցի հաբեր, 970 գրամ կոկաին, 885 հատ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող սուբուտեքսի հաբ, 5 գրամ նույն հաբի վնասված կտորներ, ինչպես նաև տարբեր գրառումներով 15 դեղապատիճ։
Հայտնաբերված թմրամիջոցների շուկայական արժեքը գերազանցում է առնվազն 200 միլիոն դրամը։Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
52-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրությունում։