Կրեմլը սպառնացել է հարվածներ հասցնել Եվրոպայի մայրաքաղաքներին՝ ամերիկյան հրթիռների տեղակայմանն ի պատասխան
- Lilit

- Jul 15, 2024
- 2 min read

Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել։ Դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ամերիկան շարունակում է փող աշխատել, Եվրոպան մեր հրթիռների նշանառության տակ է, մեր երկիրը նշանառության տակ է առել Եվրոպայում տեղակայված ամերիկյան հրթիռները։ Մենք բավականաչափ ներուժ ունենք այդ հրթիռները զսպելու համար։ Մինչդեռ պոտենցիալ զոհերն այս պետությունների մայրաքաղաքներն են լինելու»,- ասել է Պեսկովը Պուտինի անձնական թղթակից, հեռուստահաղորդավար Պավել Զարուբինին:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ՌԴ-ն ավելի վաղ անցել է այս ամենի միջով։ Միաժամանակ Պեսկովը ստեղծված իրավիճակը «պարադոքսալ» է որակել։
«Միացյալ Նահանգները տեղակայել է տարբեր տեսակի հրթիռներ, տարբեր հեռահարության, բայց ավանդաբար ուղղված մեր երկրի վրա։ Մեր երկիրը, համապատասխանաբար, այդ եվրոպական կետերը որպես մեր հրթիռների թիրախ է սահմանել»,- հիշեցրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։
Հուլիսի 10-ին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները 2026 թվականին կսկսի հեռահար հրթիռների տեղակայումը Գերմանիայում՝ ապագայում դրանց երկարաժամկետ տեղակայման ծրագրի շրջանակում։ Պեսկովը նշել է, որ դա բխում է Սպիտակ տան կայքում տեղադրված երկու երկրների համատեղ հայտարարությունից։
Ամերիկյան հեռահար զենքերը Գերմանիայի տարածքում տեղակայված էին Սառը պատերազմի տարիներին և ամբողջությամբ դուրս բերվեցին Գերմանիայից դեռևս 90-ականներին։ Ըստ Սպիտակ տան հաողրդագրության՝ ԱՄՆ հեռահար հրթիռների վերադարձը Գերմանիա առաջին հերթին պայմանավորված է զսպման եվրոպական համակարգի ուժեղացմամբ։ Լրիվ տեղակայվելուց հետո ամերիկյան հեռահար հարվածի ստորաբաժանումները կհամալրվեն Tomahawk հրթիռներով, որոնք ընդունակ են թիրախները ոչնչացնել մինչև 2500 կիլոմետր հեռավորության վրա, ինչպես նաև SM-6 և նոր հիպերձայնային զենքերով, որոնք զգալիորեն ավելի մեծ հեռահարություն ունեն, քան ներկայում գործող զինատեսակները Եվրոպայում։
Կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիայում ամերիկյան հրթիռների տեղակայումը համահունչ է Բեռլինի ազգային անվտանգության ռազմավարությանը: Միաժամանակ Շոլցը բացառել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սպառազինությունների մրցավազքի մեջ Գերմանիայի ներքաշումը: Կանցլերը նաև շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Եվրոպայի համար վտանգ ներկայացնող համակարգերի շրջանում զգալիորեն ավելացրել է սպառազինությունների քանակը։




















