Ադրբեջանը Պաղեստինը ճանաչել էր Հայաստանից շատ ավելի վաղ. ռուս քաղաքագետ
- Lilit

- Jun 28, 2024
- 2 min read

Պաղեստինի միջազգային լեգիտիմացումը համաշխարհային քաղաքական օրակարգի առավել քննարկվող թեմաներից մեկն է դարձել։ Պաղեստինի պետական նախագիծը ճանաչելու պատրաստ երկրների ցանկին են միացել նաև ԱՄՆ-ի դաշնակիցները, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրները։ Կովկասյան համատեքստում Պաղեստինի անկախությունը ճանաչելու մասին Հայաստանի որոշումը կարևոր իրադարձություն էր։ Պաշտոնական Երևանը համապատասխան քայլին դիմել է 2024 թվականի հունիսի 21-ին։ Դրա մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Հանրապետության ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Միջազգային տարբեր հարթակներում մենք միշտ հանդես ենք եկել պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք «երկու պետություն» սկզբունքը՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու համար…
Ելնելով վերոգրյալից և վերահաստատելով մեր հավատարմությունը միջազգային իրավունքին ու ժողովուրդների իրավահավասարության, ինքնիշխանության և խաղաղ գոյակցության սկզբունքներին, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստին պետությունը»։ Այսպիսով, համապատասխան քայլն արվել է։ Որքանո՞վ է կովկասյան աշխարհաքաղաքականության համատեքստում այդ քայլը կարևոր։ Արդյո՞ք այն կօգնի Հայաստանին բազմավեկտոր հարաբերությունների հաստատման փնտրտուքներում:
Կովկասյան դինամիկան դիտարկող շատ մեկնաբաններ նշում են Անդրկովկասում Մերձավոր Արևելքի աճող ազդեցությունը: Իսրայելը Ադրբեջանի ամենակարևոր ռազմաքաղաքական գործընկերն է. Ղարաբաղյան երկրորդ և երրորդ պատերազմների ժամանակ (2020 և 2023 թվականներին) Բաքուն լայնորեն կիրառեց իսրայելական սպառազինության համակարգերը («Lora» հրթիռներ, ինչպես նաև «Israel Aerospace Industries»-ի (IAI) և «Uvision»-ի արտադրած համակարգեր): Իսրայելի համար հայ-իրանական համագործակցությունը միշտ էլ նյարդայնացնող գործոն է եղել։ Եվ հակառակը, հրեական պետության ղեկավարությունը Ադրբեջանը դիտում էր որպես Թեհրանի աճող ազդեցության հակակշիռ։ Այսպիսով, Պաղեստինի ճանաչումն Իսրայելի ադրբեջանամետ գծի ուշացած պատասխանն էր։ Թեհրանը և արաբական երկրները պետք է գնահատեն այս ժեստը:
Սակայն հետո, ըստ ռուս քաղաքագետի, գալիս է բարդ նրբերանգների հերթը: Մարկեդոնովը հիշեցնում է, որ Ադրբեջանը հայտնի է Իսրայելի հետ իր ռազմատեխնիկական համագործակցությամբ։
«Մինչդեռ Բաքուն Պաղեստինը Երևանից շատ ավելի վաղ ճանաչեց և դեռ 2012 թվականին ՄԱԿ-ում քվեարկել էր նրան դիտորդի կարգավիճակ շնորհելու օգտին։ Այսպիսով, ադրբեջանա-պաղեստինյան հարաբերություններն ունեն իրենց ավանդույթը։ Ավելին, Պաղեստինի ճանաչմանը ակտիվորեն նպաստում է Անկարան՝ Բաքվի ռազմավարական դաշնակիցը։ Եվ եթե Գազայի հակամարտությունից հետո Ադրբեջանը հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել, «պաղեստինյան ճշմարտությանը» հետևողականորեն աջակցել է Թուրքիան:
Փաշինյանի ընդդիմախոսները նշում են այն փաստին, որ Պաղեստինի վերաբերյալ որոշումն ընդունվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցից անմիջապես հետո (բառացիորեն երեք օր անց)։ Նման բացատրությունը որոշ չափով պարզունակ է թվում: Հազիվ թե Փաշինյանը պարզապես Էրդողանին հաճոյանալ ցանկանար։ Թեև իրականում Երևանի ճանաչումից օգուտները այնքան էլ ակնառու չեն թվում»,- գրում է փորձագետը։




















