top of page

«Փաստ». Սուրբծննդյան լույսը՝ ճաղավանդակներից այն կողմ. բռնաճնշումներ Հայ առաքելական եկեղեցու դեմ

  • Writer: Lilit
    Lilit
  • 7 hours ago
  • 3 min read
ree

«Փաստ» թերթը գրում է. «Սուրբ Ծննդի նախօրեին, երբ Հայաստանի բնակիչները տոնական պատրաստությունների մեջ են, ճաղավանդակների միջով սուրբծննդյան լույսը աղոտ թափանցում է 8 քառակուսի մետր մակերեսով բանտախուց: Այստեղ են տոնը դիմավորում Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետը, երկու թեմակալ առաջնորդներ, ևս մեկ թեմի նախկին առաջնորդ, ինչպես նաև Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին:

Միքայել արքեպիսկոպոսի հետ կապված դեպքն ամենից տագնապահարույցն է: Այսօր նա ոչ թե բանտախցում է, այլ հիվանդասենյակում, որտեղ սպասում է շտապ վիրահատության: Բայց նույնիսկ այնտեղ նրա վիճակը քիչ բանով է տարբերվում կալանքից. հիվանդասենյակը վերածված է տոտալ վերահսկողության և սահմանափակման տարածքի, որտեղ բժշկական միջամտության սպասումը դառնում է բանտարկության նոր տեսակ: Սուրբ Ծննդի նախատոնակը սրբազան անցկացնում է մենության մեջ, պահակախմբի հսկողության ներքո, այլ ոչ թե իր հոգևոր հոտի ու հարազատ մարդկանց կողքին:

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը նշում է. «Փաշինյանն սկսեց որպես պոպուլիստ, բայց վերածվեց ավտոկրատի՝ ավերելով ժողովրդավարությունը և բռնաճնշումներն ուղղելով Հայ առաքելական եկեղեցու դեմ: Այն բանից հետո, երբ իշխանությունները դատաստան տեսան իմ վստահորդի նկատմամբ (գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյան- խմբ.), նրանք ավելի հեռուն գնացին՝ երկրի բարձր հոգևորականության դեմ: Այսօր չորս առաջատար արքեպիսկոպոսներ գտնվում են բանտում»: Բանտարկված հոգևորականների առողջական վիճակը գնալով ավելի շատ տագնապներ է հարուցում: Արքեպիսկոպոսներից մեկը՝ Բագրատ Գալստանյանը, նկատելի նիհարել է, և դա տեսանելի է անզեն աչքով: Նրա արտաքին տեսքն ինքնին վկայում է, որ համակարգը ոչ միայն ազատությունից է զրկում, այլև քայքայում է առողջությունը, անդրադառնում մարդկային արժանապատվության վրա:

Բանտարկված հոգևորականների տեսակցության ժամանակացույցն ու սահմանափակումներն ապշեցնում են իրենց անիմաստ դաժանությամբ: Հարազատներն ու ծխականները հարկադրված են հարմարվել այդ գրաֆիկին, իսկ որոշ արքեպիսկոպոսների դեպքում թույլատրված են տեսակցությունները միմիայն փաստաբանների հետ:

Հայտնի փաստաբան Արամ Վարդևանյանը տեղի ունեցողը բնորոշում է որպես իրավական աբսուրդ. «Բարդ է պատկերացնել Եվրոպայի թեկուզ մեկ երկիր, որտեղ հնարավոր լիներ նման գործողություն՝ հազարավոր զինված ուժայինների մասնակցությամբ: Դա աբսուրդային է: Մենք պարտավոր ենք պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Վեհափառ Հայրապետին: Այդ ամենի մեջ իրավաբանական ոչ մի տրամաբանություն չկա»:

Այս փաստերը ոչ թե ժամանակակից ժողովրդավարական երկիր են հիշեցնում, այլ միջնադարժան ժամանակագրության էջեր, որոնք պատմում են, թե ինչպես էր իշխանությունը ձգտում ճնշել հոգևորականությանը՝ զրկելով նրան խոսքի իրավունքից ու ազատությունից: Այսօր՝ 2025 թվականին, նման տեսարանները երևակվում են որպես անախրոնիզմ, որպես մարտահրավեր՝ մարդու իրավունքների գաղափարին իսկ:

Քննադատություն է հնչում նաև միջազգային կազմակերպություններից:

Այսպես. Christian Solidarity International-ի (CSI, բառացի՝ Քրիստոնեական միջազգային համերաշխություն) հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանում կտրուկ վատանում է իրավիճակը՝ կապված կրոնական ազատության և մարդու իրավունքների հետ, իսկ բանտարկված հոգևորականների մոտ միջազգային դիտորդների այցելության մերժումն իշխանությունների կողմից խորացող բռնաճնշումների տագնապալի նշան դարձավ»:

«Հայ քրիստոնյաները գտնվում են հարաճուն ճնշման տակ»,-կարծում է լորդ Ջեքսոնը՝ Պիտերբորոյից, կրոնի կամ համոզմունքների ազատության միջկուսակցական խմբի (APPG) փոխնախագահը:

Հայաստանը երկիր է, որն աշխարհում առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեությունը (301 թ.): Դարեր շարունակ դա հայերի համար հպարտության առիթ էր, ազգային ինքնության և հոգևոր ժառանգության մի մասը: Մինչդեռ այսօր հենց Հայաստանի սրտում ոչնչացվում է այն, ինչով ժողովուրդը դարերով հպարտացել է. պատկառանքը հոգևոր առաջնորդների հանդեպ, հավատի և խոսքի ազատությունը: Իշխանությունը հիմնովին մոռացել է, որ Եկեղեցին անջատ է պետությունից և կոպտորեն ոտնահարում է Սահմանադրությունը՝ սահմանափակելով Եկեղեցու գործունեության ազատությունը, միջամտելով նրա կանոնական հարցերի մեջ, խմբագրելով պատարագները:

Իշխանությունները շարունակում են իրենց ժողովրդավար ներկայացնել, բայց գործնականում նրանք այդպես էլ չկարողացան համոզել բնակչությանը՝ Եկեղեցու դեմ իրենց բռնաճնշումների ճիշտ լինելու հարցում: Հասարակությունը տեղի ունեցողը ընկալում է ոչ թե որպես օրինապահություն, այլ ուժի ցուցադրություն, որն ուղղված է հոգևոր հեղինակությունների դեմ:

Սուրբծննդյան տոնը բանտում դառնում է փոխաբերություն: Եվ դա այն մասին է, որ հավատն ու հոգևոր ուժը չեն կարող պարփակվել բանտի պատերի մեջ, բայց դա նաև համակարգի դաժանության վկայությունն է: Հասարակության վրա այդ հոգևորականների ազդեցությունը հսկայական էր, նրանց խոսքը քննարկումների առարկա էր դառնում, նրանց աղոթքները միավորում էին մարդկանց: Մինչդեռ այսօր նրանք զրկված են իրենց հոգևոր համայնքի հետ տոնը դիմավորելուց անգամ:

Այս Ամանորյա պատմությունը ուշադրություն է պահանջում ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս: Այն ցույց է տալիս, որ Հայաստանի սրտում Սուրբծննդյան լույսը մարվում է վանդակաճաղերով ու խցադռան կողպեքներով: Եվ դա ներքին կոնֆլիկի հարց չէ լոկ: Սա հարց է համընդհանուր արժեքների, որոնք պետք է պաշտպանվեն աշխարհի ցանկացած կետում:

bottom of page