«Ժողովրդավարության բաստիոն» կոչվող թատրոնը վերջնականապես ավարտված է
- Lilit
- 22 minutes ago
- 1 min read
«Ժողովրդավարության բաստիոն» կոչվող թատրոնն արդեն ավարտված է, հետևաբար դիմակներ այլևս ոչ ոքի պետք չեն։ Իշխանությունն անցել է բաց խաղաքարտերով խաղին ու այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են ազատ ու արդար ընտրությունները, մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը՝ պետք կգան միայն հաջորդ ներկայացմանը, երբ մեկնարկեն խորհրդարանական ընտրությունները։ Այժմ իշխանություններին անհրաժեշտ է միայն հաղթանակ ու քանի որ այս իշխանությունները չունեն կարմիր գծեր, չունեն արժեքներ, չունեն սրբություններ, ապա այդ հաղթանակը նրանց պետք է ամեն գնով։
Նրանք հանուն իրենց լոկալ հաղթանակների, որոնց վերջնարդյունքն իրենց ընկալմամբ լինելու է խորհրդարանական ընտրությունների ամփոփումը, պատրաստ են թաղապետարանում խմբակային ծեծի ենթարկեն, այնուհետև մեղադրանք առաջադրեն ու ձերբակալեն ընդդիմադիր գործչին, ունակ են այրել մեկ այլ ընդդիմադիր գործչի կնոջ մեքենան, թիկնապահներին հրամայել ոլորել քաղաքացու ձեռքերն այնուհետև թքել նրա երեսին, հրահրումների ուղարկել իրենց տարեց ծնողներին, այնուհետև աղիողորմ ու լացակումած ձայնով խոսել ծնողական արժեքներից, իսկ Գյումրիում հերթական անգամ դիմել իշխանազավթման։ Ինչո՞ւ հերթական, որովհետև ՔՊ-ն «գեշ խասյաթ» ունի համայնքներում խլել այլոց հաղթանակը։
Այս գործելաոճը միանշանակ հանգեցնելու է քաղաքական վակուումի ու հանգեցնելու է կա'մ իշխանության տապալման, կա'մ բռնապետական կարգերի հաստատմանը՝ իր բոլոր հետևանքներով, թե' ներքին արժեհամակարգի փլուզման, թե' արտաքին հարաբերություններում «իզգոյի» կարգավիճակով։
Սակայն եթե իշխանություններն այլևս կորցնելու ոչինչ չունեն ու կանգ չեն առնելու ոչ մի բանի առաջ, ապա մենք ունենք։ Երևույթների նկատմամբ մեր անտարբերությունը կարող է խորտակել ոչ միայն մեր ներկան, այլև մեր երեխաների ապագան։ Այնպես որ այս պահին գնդակը հասարակության դաշտում է ու Հայաստանի հետագա կարգավիճակի պատասխանատուն լինելու ենք հենց մենք՝ քաղաքացիներս։