Բաքվի՝ Վրաց պատրիարքարանին ուղղված մեղադրանքից հետո Կոբախիձեն հայտարարություն է արել

Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև բոլոր հարցերը քննարկվում են բարեկամական մթնոլորտում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով Քուրմուխի վանքի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի կառավարության հետ Վրաստանի հարաբերություններում որևէ լարվածություն չկա։
«Մեզ Ադրբեջանի հետ կապում են բարեկամական հարաբերություններ։ Այդ բարեկամության շնորհիվ մենք կարող ենք շատ հեշտությամբ քննարկել ցանկացած հարց։ Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև բոլոր հարցերը քննարկվում են բարեկամական մթնոլորտում»,- ասել է Կոբախիձեն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի էր որակել Վրաց պատրիարքարանի՝ Քուրմուխի վանքի վերաբերյալ հայտարարությունը՝ պնդելով, թե այն հակասում է երկու երկրների միջև բարեկամության, գործընկերության և բարիդրացիության ոգուն։
Բաքուն նաև հայտարարել էր, թե Վրաց պատրիարքարանի մոտեցումը «տարածքային պահանջներ» է պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Վրաց պատրիարքարանին կոչ էր արել զերծ մնալ նման մոտեցումներից՝ հավելելով, որ նրան «խորհուրդ չի տրվում կրկնել Հայ եկեղեցու հայտնի մոտեցումները և գնալ նրա ճանապարհով»։




















