top of page

Թուրքիայում հանք է փլուզվել․ 5 զոհ, 9 ձերբակալված

Oct 3
1 min read

Թուրքիայի արևմուտքում՝ Մանիսա նահանգի Սոմայի շրջանում, հանքերից մեկում տեղի ունեցած փլուզման հետևանքով հինգ հանքափոր է զոհվել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, փոխանցում է Anadolu-ն։


Փլատակների տակ ընդհանուր առմամբ հայտնվել էր յոթ մարդ։ Նրանցից երկուսին հաջողվել է ողջ դուրս բերել։ Փրկվածներից մեկը շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում, իսկ մյուսը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։


Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի։ Փլուզման պատճառը դեռևս պարզված չէ։


Anadolu-ի տվյալներով՝ պատահարից հետո իրավապահները ձերբակալել են ինը մարդու, այդ թվում՝ հանքի գլխավոր տնօրենին։ Դեպքի հանգամանքների պարզման ուղղությամբ քննությունը շարունակվում է։


Սոմայի շրջանը նախկինում ևս դարձել է Թուրքիայի հանքարդյունաբերության պատմության ամենախոշոր ողբերգության վայրը։ 2014 թվականի մայիսին տեղի հանքերից մեկում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով աշխատակիցները մնացել էին գետնի տակ՝ թանձր ծխի և ածխածնի օքսիդի ազդեցության պայմաններում։ Աղետի հետևանքով զոհվել էր 301 մարդ։


2014 թվականի ողբերգությունը Թուրքիայում զանգվածային բողոքի ալիք էր առաջացրել։ Իշխանություններն ու հանքը շահագործող ընկերությունը քննադատության էին ենթարկվել անվտանգության կանոնների ենթադրյալ խախտումների համար։

1/3683
bottom of page