top of page

Առողջության պարտադիր ապահովագրությունն ուժի մեջ է մտնում լուրջ խնդիրներով. Civilnet.am

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 30, 2025
  • 2 min read

«Պետք չէ հունվարի 1-ից գրոհ ձեռնարկել առողջապահական համակարգի վրա, որովհետև ո՛չ բժշկական կենտրոններն են փախչելու, ո՛չ կառավարությունն է փախչելու, ո՛չ պոլիկլինիկաները…»,- դեկտեմբերի 26-ին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին քննարկվում էր 2026-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը։ Վարչապետի մտավախությունը, որ առողջապահական համակարգը ի զորու չէ միանգամից մեծ թվով բուժառուների սպասարկել, տեղին է. առողջության պարտադիր ապահովագրության համակարգն ուժի մեջ է մտնում լրջագույն խնդիրներով։ Այս մասին գրում է«Սիվիլնեթը»:

Առաջին փուլում համակարգի շահառու է դառնում ավելի քան 1 մլն մարդ՝ մինչև 18 տարեկանները, 65-ն անց քաղաքացիները, 18-65 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց համար կվճարի կառավարությունը։ Աշխատավարձ ստացողները ստիպված կլինեն իրենց եկամտից հատկացնել բժշկական ապահովագրությանը։

Ըստ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագծի հիմնավորման՝ համակարգի ֆինանսավորման համար 2026-ին նախատեսվում է 220 մլրդ դրամ, իսկ 2027 և 2028 թվականների համար՝ 260 և 300 մլրդ։

Բարեփոխման մեկնարկը՝ առանց օպերատորի

Առողջապահական այս բարեփոխումը ուժի մեջ է մտնում առանց համակարգի ինտեգրված օպերատորի, որը այս մոդելի առանցքային բաղադրիչն է։

Առողջապահության նախարարությունն առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների օպերատորի երկփուլ մրցույթը հայտարարել է միայն 2025-ի դեկտեմբերի 12-ին, այն դեպքում, երբ համակարգը գործարկվում է 2026-ի հունվարի 1-ին։ Այսինքն՝ կառավարությունը փաստացի ընդունում է, որ համակարգի կառավարման, հաշվարկման, վերահսկման և թվային ապահովման հիմնական օղակը գոյություն չունի այն պահին, երբ քաղաքացիներից արդեն սկսել է գումարներ հավաքագրել։

Խոսքը երկրորդական տեխնիկական օղակի մասին չէ։ Օպերատորի վրա են դրվում շահառուների միասնական ռեգիստրի վարումը, ապահովագրական փաթեթների կառավարումը, ակտուարական հաշվարկներն ու ռիսկերի կանխատեսումը, պահանջների և խարդախության կառավարումը (այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ), բժշկական հաստատությունների հետ թվային ինտեգրումը, շահառուների պորտալի և բջջային հավելվածի գործարկումը, ինչպես նաև տվյալների փոխգործելիությունը Պետական եկամուտների կոմիտեի, Գանձապետարանի և էլեկտրոնային առողջապահության համակարգերի հետ։ Այլ կերպ ասած՝ առանց օպերատորի արդեն ներդրված և աշխատող համակարգերի համընդհանուր ապահովագրությունը պարզապես չի կարող (արդյունավետ) գործել։

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է կառավարությունը պատկերացնում «չգրոհելու» գործընթացը, երբ ինքն է որոշում ընդունում համակարգը գործարկել առանց դրա կառավարման ենթակառուցվածքի։ Ինչո՞ւ է կառավարությունը գնում քայլի, որը նախապես անկառավարելիության մեծ ռիսկ է ստեղծում։

1/3117
bottom of page