Փաշինյանի մամուլի խոսնակն անդրադարձել է Սամվել Կարապետյանի հայտարարությանը
- Lilit
- Jun 17
- 1 min read

«Ինքնակոչ սրբադասվածը (որի պատկերը Մայր Աթոռի գանձարանում է) հյուսիսից ստացած դասական «մետոդիչկայով» որոշել է հայաստանյան ներքին օրակարգերին խառնվել, թե բա՝ «մենք մեր ձևով ենք միջամտելու»։ Այս մասին գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությանն այն մասին, որ աջակցում է եկեղեցուն։
«Չեմ հասկանում՝ հովհարային անջատո՞ւմ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում՝ հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են։
Հայաստանը ծայրագավառ դարձնելու սրանց փորձերն ապարդյուն են։
Հ.Գ. Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոների, արաաբրահամյանների և պիպոյահպատակ արբանյակներն ակտիվացել են։
Ինքնալյուստրացիա մինչև վերջ։
Խայտառակվե՛ք, կանգ մի՛ առեք»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը, անդրադառնալով վերջին շրջանում իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ մղվող արշավին, NEWS.am–ի հետ զրույցում ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։
Հարցազրույցի տարածումից րոպեներ անց, Նիկոլ Փաշինյանը նման գրառում է արել.
«Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։
Փաշինյանի գրառումից հետո ԱԺ–ում ՔՊ–ական պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան Սամվել Կարապետյանի հայտարարություններին, ըստ էության սպառնալով «զբացվել Սամվել Կարապետյանով»։
Խուզարկությունների մասին լուրերի տարածումից րոպեներ անց էլ Փաշինյանը հերթական գրառումն արեց.
«Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։
Նշենք նաև, որ այս պահին հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացնում գործարար Սամվել Կարապետյանի տանը։ Սամվել Կարապետյանի եղբոր՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի խոսքով, ոստիկանները 45 հոգու են բերման ենթարկել տան մոտից։