Ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ստորագրել փաստաթուղթն ու առաջ շարժվել. Ալեն Սիմոնյան

Հայաստանը մեծապես գնահատում է խոչընդոտներով լի ճանապարհին իր բարեկամների աջակցությունը ծավալապաշտական նկրտումների այս ժամանակաշրջանում, «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Աշխարհաքաղաքական զարգացումները, պատերազմն Ուկրաինայում եւ այլուր լրջագույն ազդակ են առ այն, որ ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում մեծագույն սպառնալիքի տակ է: Այս առումով հավատացած եմ, որ համընդհանուր մարդկային արժեքները միահամուռ ուժերով պաշտպանելը, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում տեւական խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ գործուն ջանքեր գործադրելը սպառնալիքների եւ մարտահրավերների դեմ պայքարի լավագույն միջոցներն են:
Չնայած այն բոլոր անվտանգային սպառնալիքներին, որոնց վերջին տարիներին Հայաստանը բախվում է՝ մենք հաստատակամ ենք եվրաինտեգրման գործընթացի առաջմղման հարցում եւ ակնկալում ենք, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը:
Ցանկանում եմ հատուկ ընդգծել վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի կարեւորությունը, ինչը շատ հստակ քաղաքական ուղերձ է հայ ժողովրդին»,- ասել է նա։