top of page

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհшրդար, բայց «բա խի՞ Սերժին չեն նստցնում» վնգuտալը բարո չէ, քաղաքական չէ և տմшրդի է. Արմեն Աշոտյան

  • 1 hour ago
  • 2 min read


Աներկբա է, որ Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է հերթական պատվիրված հետապնդման։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Դեռևս արդեն հեռավոր թվացող 2018-ին, երբ երկրորդ նախագահի նկատմամբ առաջին անգամ քաղաքական հետապնդումների եւ բանտարկության սուրը ճոճվեց, Հանրապետական կուսակցությունը առաջինն ու միակ քաղաքական ուժն էր, որ հստակ գնահատական տվեց այդ իրողությանը և աջակցեց Ռոբերտ Քոչարյանին։

Նույնիսկ Ազգային ժողովում պահպանված ֆրակցիայի պատգամավորների ստորագրությունով երաշխավորություն ներկայացվեց դատարան, խնդիրը բազմիցս բարձրաձայնվեց միջազգային ատյաններում և ներքին լսարանում։

Հիմա ևս պնդում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, և սա անում եմ՝ անկախ իմ ունեցած քաղաքական տարաձայնություններից և անձնական գնահատականներից։

Սա անում եմ՝ անկախ այն մաղձից, վիրավորանքներից եւ զրպարտություններից, որ նա եւ իր թիմը արտահայտում էին երրորդ նախագահի, Հանրապետականի, իմ եւ իմ ընկերների հասցեին։

Սա անում եմ՝ անկախ այն հանգամանքից, որ երեկվանից երկրորդ նախագահին ծառայող քարոզչական և քաղաքական ներկայացուցիչները իր no name սպասարկուներից մինչեւ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված որոշ պատահականություններ, իր գրասենյակի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ մի անբարո ճյուղավորում են տալիս իրենց ղեկավարի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների սյուժեում՝ թունոտ սլաքներն ուղղելով դեպի Սերժ Սարգսյան։

Դնում եմ մի կողմ այդ մարդկանց և այդ մարդկանց խրախուսող, աջակցող, հրահանգող շրջանակների բարոյականության հարցը, որովհետև ոչ մարդկային, ոչ բարոյական, ոչ տղայական, ոչ քաղաքական տեսակետից, դրանցից ոչ մեկ, աչքերիս նայելով, չի կարող հիմնավորել, թե որքանով է մարդավարի, տղավարի և քաղաքական, երբ քեզ տանում են ապօրինի կալանքի, կողքից գոռալ ու ճչալ, բա «Սերժին խի՞ չեք տանում»։

Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը 2018 թվականից են ենթարկվում քաղաքական ահռելի ճնշումներին, տասնյակ քրեական գործերին, քաղաքական բանտարկությանը, այդ թվում՝ անհամեստություն չհնչի, իմ քաղաքական հետապնդումը, որ շարունակում է արդեն անազատության 850 օրվանից ավել (ավելին, քան երկրորդ նախագահի կամ իրեն սատարող որևէ գործչի անազատություններ):

Քավ լիցի, կալանավորումների մրցույթ կամ «կռվցնոցի» չեմ անում, բայց ստիպված հիշեցնում եմ. դուք էլ մի արեք, որովհետև «բա խի՞ Սերժին չեն նստցնում» վնգստալը, կրկնում եմ, բարո չէ, քաղաքական չէ և տմարդի է։

Ռոբերտ Քոչարյանի հետապնդումը այլ բնութագիր, քան քաղաքական, չունի, բայց միաժամանակ իր թիմի նման պահվածքը նույնպես այլ բնութագիր չունի, քան անբարո։

Շրջանակներ, որոնք հպարտանում են իրենց երիտասարդ գործչի՝ դատարանի դահլիճում արած «մուսռ» արտահայտությամբ և այդ մոտեցումները քարոզում են լրատվական ու սոցիալական դաշտերում, միաժամանակ կոգնիտիվ դիսոնանսի պետք է ենթարկվեն, եթե թույլ են տալիս իրենց այն, ինչ ես արդեն բնութագրեցի։

«Բա սրան կամ նրան խի՞ չեք բռնում» թեզը, մեղմ ասած, պատիվ չի բերում երկրորդ նախագահին, ում մաղթում եմ առողջություն և ազատություն, ինչպես մյուս բոլոր քաղհալածյալներին»,-գրել է նա։

1/3580
bottom of page