top of page

Գումարային վեճը մահվան ելքով է ավարտվել․ կասկածյալը կալանավորվել է

  • 3 hours ago
  • 1 min read

2026 թվականի հուլիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրն ուշագնացության ահազանգով դեպքի վայր մեկնած շտապօգնության խումբն արձանագրել է Ն.Ռ.-ի մահը։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:



Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ծավալուն քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ սպանություն:



Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևան քաղաքի Սիսակյան փողոցի 4-րդ շենքում գումարային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում տղամարդը հարվածներ հասցնելով սպանել է տուժողին, ապա ահազանգել է շտապօգնություն և հայտնել, թե իբր տուժողն ուշագնաց է եղել: 



Դատաբժշկական փորձագետի կողմից տրված նախնական ախտորոշման համաձայն՝ տուժողի մահը վրա է հասել գլխի, պարանոցի, կրծքավանդակի փակ, բութ վնասվածքների հետևանքով զարգացած շոկից:



Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ ենթադրյալ հանցանք կատարած անձի նկատմամբ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:



Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

1/3525
bottom of page