top of page

Երկաթուղիները ՀՀ-ի սեփականությունն են, պիտի ծառայեն մեր շահերին. սահմանափակումների ֆոնին հայկական կողմը չի վերանայի իր մոտեցումը. Փաշինյան

  • 1 hour ago
  • 1 min read


Դա մեր երկաթուղին է ու Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, մենք մեր սեփականությունը պետք է կառավարենք, սահմանափակումների ֆոնին հայկական կողմը չի վերանայի իր մոտեցումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայկական երկաթուղու կառավարման հետ կապված զարգացումներին:

«Վճռականորեն կարող եմ ասել, որ երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են և պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետություն շահերին, ուրիշ կերպ չի կարող լինել, մենք բոլորս պետք է ելնենք այս ելակետից: Իրավական կոնսուլտացիաների ու աշխատանքային քննարկումների արդյունքում պետք է այդ հարցերը լուծենք, բոլոր պրոցեսներում հարավկովկասյան երկաթուղիները ներգրավված են, իրենք տեղյակ են պրոցեսներից:

Մյուս կողմից այն, ինչ մենք հայտարարել ենք, դա էլ չենք պատրաստվում վերանայել: Մենք արդեն սկսել ենք պրոցեսները, որոնք միտված են Գյումրի-Ախուրիկ հատվածի, Երասխի հատվածում երկաթուղու վերականգնմանը և մենք անելու ենք այդ աշխատանքները։ Մենք շարունակելու ենք աշխատանքային քննարկումները՝ այդ թվում Ռուսաստանի մեր գործընկերների հետ, մեր դիրքորոշումները չեն փոխվել և չեն փոխվելու, չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով, որովհետև մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել, թե ոնց կարող են մեր գործողություններ չձեռնարկելու պատճառով միջազգային երկաթգծերը գալիս, մտնում Հայաստան և Հայաստան մտնելով շրջանցում Հայաստանը, այդպիսի բան չի կարող լինել»,- նշել է Փաշինյանը:

Հարցին, թե հայկական կողմը իր մոտեցման մեջ անփոփո՞խ է մնացել կապված միակողմանի պայմանագիր լուծարելուն հակված չլինելու և ռուսների թիկունքում որևէ քննարկումներ չունենալու թեմայով, և արդյո՞ք այս սահմանափակումների ֆոնին հնարավոր է, որ հայկական կողմը վերանայի իր մոտեցումը, Փաշինյանը շեշտեց, որ ոչ, սահմանափակումների ֆոնին հայկական կողմը չի վերանայի իր մոտեցումը:

1/3472
bottom of page