top of page

Փաշինյանի գաղափարական առաջարկը անցնում է «հավերժական Հայաստանի» դեմ «իրական Հայաստանի» բաժանարար գծով․ Սիլաև

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 28
  • 4 min read
ree

Երևանում շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի և Միքայել Աջապահյանի դատական գործը։ Գալստանյանի փաստաբանները օրերս հրաժարվել են մասնակցել գործընթացին՝ դատավորի գործողություններն անօրինական համարելով։ Այս մասին իր «Իզվեստիա» պարբերականում գրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։

«Աջապահյանի փաստաբանները պահանջել են գործին կցել իրենց պաշտպանյալի ելույթի տեսագրությունը, որը ստուգել էր Հայաստանի Գլխավոր դատախազությունը և հանցակազմ չէր հայտնաբերել դրանում։ Այժմ նույն բառերի համար արքեպիսկոպոսը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչեր անելու մեջ։ Օրերս դատարանը երկուսի կալանքի ժամկետներն էլ երկարացրել է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ներողություն է խնդրել եկեղեցու հասցեին իր ասած կոպիտ խոսքերի համար, սակայն, ամենայն հավանականությամբ, չի պատրաստվում դադարեցնել դրա դեմ քաղաքական արշավը։

Այս քարոզարշավն աննախադեպ է։ Իհարկե, Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը, ինչպես և իր ժողովրդի պատմությունը, լի է ողբերգություններով։ Եկեղեցին բարդ հարաբերություններ է ունեցել Ռուսական կայսրության իշխանությունների հետ. 1903 թվականին Պետերբուրգում որոշում էր ընդունվել եկեղեցական գույքը բռնագրավելու մասին։ Բախվելով ուժեղ դիմադրությանը՝ իշխանությունները հրաժարվեցին այդ ծրագրերից։ Սովետական իշխանության առաջին տասնամյակներին Հայ Առաքելական Եկեղեցին հալածանքներ կրեց, ինչպես և մյուս դավանանքները։ 1930-1938 թվականներին բռնադատվեց գրեթե 150 քահանա, որոնցից 91-ը գնդակահարվեց։ Ինչպես կարծում են Հայաստանում, 1938 թվականին Խորեն Ա Կաթողիկոսի մահը սպանություն էր։ Սակայն հետպատերազմյան ԽՍՀՄ-ում հայկական եկեղեցու նկատմամբ վերաբերվում էին հարգանքով, իսկ անկախ Հայաստանում, կարծես թե, նա ընդհանրապես խնդիրներ չպետք է ունենար, և իսկապես, դրանք չկային մինչև այս տարվա մայիսը, երբ վարչապետը քաղաքական պատերազմ հայտարարեց նրա դեմ։

Փաշինյանը սկսեց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի և առհասարակ եկեղեցու հասցեին կոպտություններից, այնուհետև ձերբակալվեցին երկու արքեպիսկոպոս, ինչի համար ոստիկանական հատուկ ջոկատայիններ ուղարկվեցին Կաթողիկոսի նստավայր՝ Էջմիածին։ Այնուհետև վարչապետը ներկայացրեց եկեղեցու բարեփոխման իր ծրագիրը։ Ծրագրի համառոտ բովանդակությունը հետևյալն է՝ գրել նոր եկեղեցական կանոնադրություն ժամանակակից հայերենով (եկեղեցին օգտվում է գրաբարից) և երկրի աշխարհիկ իշխանություններին տալ եկեղեցու առաջնորդի ընտրության ժամանակ վճռորոշ ձայնի իրավունքը։ Այստեղ մտքովս անալոգիաներ են անցնում, կամ վարչապետը կլինի բրիտանական միապետի պես, որը համատեղությամբ ղեկավարում է ազգային եկեղեցին, կամ ռուսական կայսրի պես, որը հաստատում էր ընտրված կաթողիկոսին։

Թե ինչու Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ վիճել ամենահեղինակավոր պետական ​​հաստատություններից մեկի հետ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ, առեղծված է։ Հնարավոր է, ինչպես դա պատահեց նրա հետ այլ դեպքերում, «բանաստեղծի խոսքը նրան չափազանց հեռու է տանում». մեկ բառը տանում է մյուսին, բռունցքը սեղանին, և այդ դեպքում անհնար է նահանջել առանց քաղաքական վնասի։ Եկեղեցին բարեփոխելու ծրագիրը գործնականում անիրագործելի է։ Նախ, նրան ստիպել փոխել իր կանոնադրությունը հենց այն պահին, երբ երկու արքեպիսկոպոսների դատում են, անլուծելի խնդիր է։ Երկրորդ, Հայ Առաքելական Եկեղեցին միայն Հայաստանով չի սահմանափակվում. այն ունի գրեթե երեք տասնյակ թեմեր և պատրիարքարաններ՝ երկրից դուրս։ Նրանք հոգևոր ծառայություններ են մատուցում, ի թիվս այլոց, ազդեցիկ ռուսական, ֆրանսիական, ամերիկյան սփյուռքներին։ Քիչ հավանական է, որ այդ սփյուռքները հեշտությամբ համաձայնեն, որ հայ եկեղեցու նկատմամբ իշխանությունը պատկանի այդ երկրի վարչապետին։

Բայց Հայաստանի ղեկավարության և Հայ եկեղեցու միջև հակամարտությունը, ըստ ամենայնի, անխուսափելի էր։ Նիկոլ Փաշինյանը հռչակեց, ինչպես ինքն է դա անվանում, «իրական Հայաստանի գաղափարախոսությունը»։ Դրա էությունն այն է, որ պետք չէ հառաչել մեծ անցյալի համար և խղճալ իրենց հայրենի հողից արտաքսված ղարաբաղցի հայերին, այլ բավարարվել «ձեռն ընկած ճնճղուկով»՝ Հայաստանով՝ նախկին միութենական հանրապետության սահմաններում։ Փաշինյանն ասում է, որ Խորհրդային Միությունը հայերին սխալ ազգային ինքնագիտակցություն է պարտադրել, որի պատճառով նրանք հակամարտության մեջ են մտել Ղարաբաղի համար և շատ դժբախտություններ կրել։ Այստեղ, իհարկե, պարզ չէ, թե ինչպես վարվել սփյուռքի հայերի հետ, որոնց ԽՍՀՄ-ն ակնհայտորեն ոչինչ պարտադրել չէր կարող, իսկ Ղարաբաղի մասին նրանք նույնն էին մտածում, ինչ խորհրդային հայերը, բայց գաղափարախոսության այս մանրամասները, հավանաբար, դեռ կվերջնականացվեն։

Փաշինյանի դատողություններում, ընդհանուր առմամբ, որոշակի ողջամիտ միտք կա. հայկական ազգայնականությունն իսկապես համատեղում է մեծ Հայաստանի (կամ «հավերժական Հայաստանի») պատմական առասպելի նկատմամբ խորը հարգանքը՝ ձեռքի տակ եղած ազգային պետության նկատմամբ արհամարհանքի հետ։ Երևանում իշխանությունները (ցանկացած, ոչ միայն Փաշինյանի) կցանկանային իրենց սեփական լեգիտիմության որոնումներում հենվել ազգային առասպելի վրա, բայց չեն կարող դա անել. առասպելը առանձին է, իսկ կյանքը՝ առանձին։ Ի վերջո, լավ չէ, երբ ազգը չի հարգում իր սեփական ազգային պետությունը։ Բայց այս ողջամիտ միտքը խաթարվում է մեկ փաստարկով. արդյո՞ք հնարավոր է նոր լեգիտիմություն ձեռք բերել՝ պարզապես ոչնչացնելով ազգային առասպելը։

Եթե գաղափարական բաժանումը, որն իր առաջնորդն առաջարկում է երկրին, անցնում է «իրական Հայաստանի» և «հավերժական Հայաստանի» միջև, ապա եկեղեցու տեղն այստեղ ակնհայտ է։ Այսօրվա պատմական պահին Հայ եկեղեցին վերապրել է բոլոր հայկական պետություններին՝ մեծ և փոքր, ճանաչված և չճանաչված։ Եթե կա մի ինստիտուտ, որն արտացոլում է հայերի պատմության խորը շարունակականությունը, ապա դա եկեղեցին է։ Այն մարմնավորում է հենց այն հավերժական Հայաստանը, այն ազգային առասպելը, որի վրա Նիկոլ Փաշինյանն ուղղում է իր հռետորական նետերը։ Եկեղեցու գոյությունն ինքնին թույլ չի տալիս Հայաստանին իր պատմական ժառանգությամբ հանգեցնել պարզ 29 743 քառ. կմ-ի (սա Հայկական ԽՍՀ-ի տարածքն է, մի թիվ, որը Փաշինյանը հաճախ է հիշատակում և որը նրա համար խորհրդանշում է «իրական Հայաստանը»)։ Եկեղեցին մարմնավորում է նաև ամբողջ աշխարհի հայերի ընդհանրությունը՝ թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում։

Տասնամյակներ շարունակ՝ 19-րդ դարից մինչև այսօր, հայկական ազգայնականությունը նկատելի քաղաքական գործոն էր։ Ինչպես շատ այլ ազգայնականություններ, այն դրսևորվեց և՛ զոհերով, և՛ սխրանքներով, և՛ դաժանություններով, հիշենք թեկուզ «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» ահաբեկչությունը։ Ընդ որում, անկասկած էր, որ հայերը ունեն ուժեղ ազգային ինքնագիտակցություն, որը միավորում է նրանց պետական սահմաններից վեր և մղում քաղաքական գործողությունների։ Բայց ամեն ինչ ունի իր ավարտը։ Վերջին տարիներին սփյուռքի շատ անվանի գործիչներ խոսում էին ճգնաժամի, արտասահմանյան երկրներում հայերի ձուլման, սերունդների միջև կապերի թուլացման մասին։ Հնարավոր է, որ հայկական ազգայնականությունը հյուծվել է, իսկ «իրական Հայաստանը», որը հրաժարվել է արտաքին քաղաքական ինքնուրույնությունից հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի, իսկապես միակ հնարավոր ապագան է։

Երբ Երևանում Ռուսաստանին մեղադրում են, որ նա քիչ է օգնում և չի պաշտպանում Հայաստանին, այդ մեղադրանքներում, հնարավոր է, որ ճշմարտությունը կա։ Բայց չի կարելի ժխտել նաև այն, որ կարելի է պաշտպանել միայն նրան, ով հավատում է իր գործին և ինքն է պատրաստ պաշտպանվել։ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի ելքը կպատասխանի այն հարցին, թե արդյոք դեռ գոյություն ունի այն Հայաստանը, որին մենք ճանաչում էինք վերջին մեկուկես-երկու դարերի ընթացքում», - նշել է Սիլաևը։

1/3012
bottom of page