Անկարա–Բաքու լարվածության ֆոնին Էրդողանը մեկնում է Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է նոյեմբերի 8-ին մեկնել Բաքու և մասնակցել Արցախյան 44-օրյա պատերազմի կապակցությամբ Ադրբեջանում նշվող, այսպես կոչված, «Հաղթանակի օրվա» միջոցառումներին, հաղորդում է Oxu.az -ը։
Ադրբեջան այցելելու մտադրությունը հաստատել է հենց Թուրքիայի նախագահը՝ Հարավային Կորեայից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում։ Էրդողանն անդրադարձել է նաև Անկարայի և Բաքվի հարաբերություններում առաջացած խնդիրներին՝ ակնարկելով, որ նախատեսվող այցը կարող է նպաստել դրանց կարգավորմանը։
«Ադրբեջանը նոյեմբերի 8-ին նշում է Հաղթանակի օրը։ Եթե արտակարգ հանգամանքներ չառաջանան, նախատեսում եմ այդ օրը մեկնել Ադրբեջան։ Հուսով եմ՝ այցը հնարավորություն կտա անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։ Ես արդեն հեռախոսազրույցներ եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բացի այդ, Ադրբեջան եմ գործուղել հետախուզության ղեկավարին և արտաքին գործերի նախարարին։ Հեռախոսային դիվանագիտությունը շարունակվում է։ Նրանք նույնպես մեծ կարևորություն են տալիս նոյեմբերի 8-ին»,- հայտարարել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը միաժամանակ փորձել է ընդգծել երկու երկրների հարաբերությունների առանձնահատուկ բնույթը՝ վստահեցնելով, որ առկա տարաձայնությունները չեն կարող խաթարել Անկարայի և Բաքվի երկարամյա համագործակցությունը։
«Մեր հարաբերությունները շատ ավելին են, քան սովորական դիվանագիտական շփումները։ Երկու երկրների միջև անխզելի կապը պայմանավորված է ընդհանուր պատմությամբ, մշակույթով, ճակատագրով և, Աստծո կամոք, նաև ապագայով։ Չկա այնպիսի խոչընդոտ, որը Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը չկարողանա հաղթահարել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Անկարայի և Բաքվի հարաբերություններում լարվածության պատճառներից մեկը դարձել էր Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակման շուրջ առաջացած վեճը։ Որոշումը դժգոհության ալիք էր բարձրացրել ոչ միայն Ադրբեջանում, այլև Թուրքիայում, որտեղից հնչած քննադատությունները հարուցել էին պաշտոնական Բաքվի դժգոհությունը։




















