«Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը դատի է տվել Քննչական կոմիտեին՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու եւ այլ պաշտոնի տեղափոխելու ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրամանները։
Մենք Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե Պետրոսյանն ազատվե՞լ է աշխատանքից։ ՔԿ-ից մեզ ուղարկեցին օգոստոսի 28-ի հրամանը, որով նա ազատվել է հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա։ Մինչ այդ՝ օգոստոսի 21-ին, Պետրոսյանին ազատել էին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակել այլ վարչության պետի տեղակալ։ Այս ազատումն Արայիկ Պետրոսյանի սրտով չի եղել` նա դիմում է գրել եւ ազատվել նոր նշանակված պաշտոնից ու դիմել դատարան։
Պետրոսյանը պահանջում է չեղարկել իր հետ կապված երկու հրամանն էլ։ Եթե իր նախկին պաշտոնը կառուցվածքային փոփոխությունների պատճառով այլեւս չկա, ապա նա պահանջում է օրենքով սահմանված կարգով իրեն առաջարկել համապատասխան այլ պաշտոններ եւ հնարավորություն տալ որոշելու՝ համաձա՞յն է նշանակվել այդ պաշտոնին, թե՞ ոչ։ Նաեւ պահանջում է քննարկել իրեն ՔԿ կադրերի ռեզերվում գրանցելու հարցը։ Արայիկ Պետրոսյանը ծնունդով արցախցի է։




















