Ալիևը հայ ժողովրդին օգնում է հասկանալ, որ մեզ ցըմփ-ցըմփներով ու խորովածներով խաբում են. Մարուքյան
- 4 days ago
- 2 min read

Հայոց ցեղասպանության հարցը այս Հայաստանի տարածքում բնակվել, չբնակվելու հետ կապ չունի. Դրանք փորձում են իրար հետ կապել, որ իբր թե Հայոց ցեղասպանության հարցը տարածք պահանջելու մասին խոսակցություն է, և ով խոսի, ասեն՝ դու պատերազմ ես ուզում, և դրանով փորձել լռեցնել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Հարցն այն է, որ մենք ունենք վատ ժառանգություն Ցեղասպանության հետ կապված, և դա մեզ զհոն է պահում, որ մենք լինենք ուշադիր մեր հարևան երկրների հետ, և անվտանգային երաշխիքներ ունենանք նրանց հետ հարաբերվելիս։ Իրենց աղավաղում են, բերում են մտցնում են մի դաշտ որտեղ անպայման պետք է մանիպուլյացիայի տեսքով սա օգտագործել։ Արդարացնում են Հայաստանում էսօրվա ուրացության խոսույթը՝ մանիպուլացնելով, որ իբր ով ազգային որևէ բան ասում է, ուրեմն պատերազմ է ուզում»,–ասաց Մարուքյանը։
Հարցին՝ որ դուք գաք իշխանության, ի՞նչ եք անելու, հետապնդելո՞ւ եք այդ հարցը առաջնահերթ, նա պատասխանեց. «Երեկ ես թեզերից մեկը ներկայացրել եմ, որը վերաբերում է Արցախի էթնիկ զտմանը։ Մենք միջազգային նախադեպ ունենք հենց հիմա, որ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը դիմել է Արդարադատության միջազգային դատարան 2023 թվականին Գազայում ցեղասպանության հարցով։ Այդ կոնվենցիայի մասն ենք նաև մենք։ Ես լոբինգ եմ արել, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է այդ կոնվենցիային համաձայն նույնպես դիմի միջազգային դատարան՝ Արցախի Էթնիկ զտման հարցով։ Սա ի՞նչ կտա մեզ։ Եթե մենք դա արած լինենք 23-24 թվականին, գոնե այսօր Ադրբեջանը կվախենար, օրինակ, Արցախում մեր եկեղեցիների ոչնչացումից»։
Անդրադառնալով նախօրեին Թուրքիայի դրոշ վառելուն, Մարուքյանն ասաց, որ պետություն ունեցող ազգերին սազական բան չի դրոշ վառելը. «Ես հասկանում եմ, որ իշխանությունները դատապարտել են դրոշի այրումը, հասկանում եմ, կա դիվանագիտություն, կան հարաբերություններ, բա Արցախում եկեղեցու փլուզումը, եկեղեցիների ոչնչացումը ինչո՞ւ չեն դատապարտել։
Իսրայելցի մի զինվոր Լիբանանի տարածքում Հիսուս Քրիստոսի խաչը կոտրել էր, և ամբողջ քրիստոնյա աշխարհը սկսեց քննադատել Իսրայելին, հետո Իսրայելի բոլոր պաշտոնատար անձին սկսեցին հերթով ներողություն խնդրել, ափսոսանքի խոսքեր ասել և հետո տեղադրում են նկար, որ խաչը ուղղել են և շտկել են։ Հիմա երբ Հայաստանը ձայն չի հանում, քրիստոնյա ոչ մի ժողովուրդ, ոչ մի ինստիտուտ, որևէ քրիստոնյա եկեղեցի չի միանում այն արշավին, որ դատապարտի, որ քրիստոնեական ժառանգությունը, մշակույթը ոչնչացնում են Արցախում։
Ալիևը շատ անկեղծ է, ինքը դրանով հայ ժողովրդին ուղերձ է տալիս, ասում է՝ մենք նախաստորագրել ենք խաղաղության պայմանագրի տեքստ, մի խաբվեք, հայ ժողովուրդ, որովհետև մենք ձեր հետ խաղաղության պլաններ չունենք։ Եթե խաղաղության պլաններ ունենայինք, այդ եկեղեցին կթողնեինք։ Դրանով ինքը նաև օգնում է հայ ժողովրդին, որ հետ գա իր արմատներին և հասկանա, որ իրեն խաբում են, մանիպուլացնում են լավ ապրելու, ցմփ-ցմփ համերգների, խորովածի, ուտել-խմելու համատեքստում»,–ասաց Մարուքյանը։




















