Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցով անցնող նավթատարներից նավթի յուրաքնչյուր մեկ բարելի դիմաց 1 դոլար գանձել
- Apr 8
- 1 min read

Իրանի իշխանությունները մտադիր են Հորմուզի նեղուցով անցնող նավթատարներից նավթի յուրաքնչյուր մեկ բարելի դիմաց 1 դոլար գանձել, ինչպես նաև ցանկացած նավ ստուգելու հնարավորություն ունենալ: Իրանի նավթի, գազի և նավթաքիմիական արտահանողների միության ներկայացուցիչ Համիդ Հոսեյնին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ վճարը կգանձվի Bitcoin-ով։
«Իրանը պետք է վերահսկի, թե ինչ է տեղափոխվում նեղուցով, որպեսզի այս երկու շաբաթը [հրադադարի] չօգտագործվի զենք տեղափոխելու համար»,- ասել է Հոսեյնին: Նա վստահեցրել է, որ ցանկացած նավ կկարողանա անցնել, բայց զգուշացրել է, որ ստուգումները «ժամանակ կպահանջեն»։
Հոսեյնին հայտարարել է, որ յուրաքանչյուր լցանավ պետք է իշխանություններին էլեկտրոնային նամակ ուղարկի իր բեռի մասին տեղեկատվությամբ, որից հետո Իրանը նրանց կտեղեկացնի վճարի չափի մասին, որը պետք է վճարվի կրիպտոարժույթով: Նա նշել է, որ սակագինը մեկ բարելի համար 1 դոլար է, և դատարկ լցանավերը կարող են ազատորեն անցնել։
«Երբ նամակը ստացվի և Իրանն ավարտի գնահատումը, նավերին մի քանի վայրկյան կտրվի Bitcoin-ով վճարելու համար, ինչը կապահովի, որ վճարումը չի կարող հետագծվել կամ բռնագրավվել պատժամիջոցների պատճառով»,- պարզաբանել է Հոսեյնին։
Նա զգուշացրել է, որ առանց թույլտվության անցնելու փորձ կատարող ցանկացած նավ կոչնչացվի։
Հորմուզի նեղուցով նավթ տեղափոխելու համար հիմնականում օգտագործվում են խոշոր լցանավերը, որոնք կարող են 1,5-2 միլիոն բարել նավթ տեղափոխել։




















