top of page

Ռուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ Կոպիրկին

  • Writer: Lilit
    Lilit
  • 19 hours ago
  • 1 min read

Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում։ Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված ընդունելության ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստանը լիովին շահագրգռված է ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ Հայաստանի հարցում: Համոզված եմ, որ դրան արդյունավետորեն նպաստում է նաև մեր համատեղ ինտեգրացիոն միավորումներում երկրի լիարժեք մասնակցությունը: Որպես օրինակ՝ ԵԱՏՄ-ին անդամակցության 10 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ», — նշել է Կոպիրկինը:

Նա նկատել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը կրում է աշխարհաքաղաքական տուրբուլենտության ազդեցությունը:

«Այս բարդ պայմաններում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները թևակոխել են փոփոխվող իրողություններին հարմարվելու նոր փուլ: Նկատվող մարտահրավերների հաղթահարումը երկու կողմերից պահանջում է երկարաժամկետ քաղաքական կամք և ռազմավարական իմաստնություն՝ երկկողմ փոխգործակցության կուտակված պաշարը պահպանելու և բազմապատկելու համար», — ընդգծել է դեսպանը:

Նա հույս է հայտնել, որ այս ուղղությամբ շարժմանը լրացուցիչ թափ է հաղորդել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջերս Մոսկվա կատարած այցը։

«Անցյալ տարվա արդյունքները հաստատեցին, որ, չնայած արտաքին ցնցումներին, Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական և ներդրումային գործընկերը, երկրի էներգետիկ ու պարենային անվտանգության՝ ժամանակով փորձված երաշխավորը։ Ավանդաբար ակտիվ են եղել մշակութային-հումանիտար և միջանձնային շփումները։ Հատկանշական է, որ ռուսներն առաջատար տեղ են գրավում ՀՀ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թվում», — ընդգծել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունը «մեզ կտակված է նախնիների սերունդների կողմից, կռել են դարերի ընթացքում փառահեղ ընդհանուր հաղթանակներով ու համատեղ ստեղծարար աշխատանքով, ամրապնդվել սերտ միջանձնային կապերով»։ «Մենք պետք է պահպանենք այս ժառանգությունը և փոխանցենք ապագա սերունդներին», — հայտարարել է Կոպիրկինը։

1/3168
bottom of page