Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. ինչ է պահանջում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Այս մասին Auroranews-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Դատական դիմումի պատճառ են դարձել նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթների՝ Կարապետյանին վերաբերող առանձին դրվագները։ Գործարարը պահանջում է, որ վարչապետը հրապարակայնորեն ներողություն խնդրի մայիսի 29-ին իրեն հասցեագրված վիրավորանքի համար՝ տեսաձայնագրության տարբերակով, ուղիղ եթերում հնչեցնելով հետևյալ տեքստը․ «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 29/05/2026 թվականին հրապարակային ելույթիս ընթացքում Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ վիրավորական արտահայտություններ»:
Հայցում հատուկ ընդգծված է, որ տեսանյութը և դրա խորագիրը պետք է պարունակեն բացառապես ներողության տեքստը․ «Ներողության վերաբերյալ տեսանյութը և խորագիրը չպետք է պարունակի Նիկոլ Փաշինյանի կամ որևիցե երրորդ անձի կողմից որևէ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է բացառապես պարունակի ներողության տեքստը»։
Բացի այդ, Սամվել Կարապետյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանից որպես վիրավորանքի փոխհատուցում բռնագանձել 3 միլիոն դրամ, ինչպես նաև հատուցել դատական ծախսերը, որոնք ներառում են պետական տուրքն ու փաստաբանի խելամիտ վարձատրությունը։
Դատական հայցը մուտքագրվել է սեպտեմբերի 9-ին և մակագրվել Երևան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։




















