Փարաքարի դեպքի հետ որևէ կապ չունեմ. Հայկ Սարգսյան
- Lilit

- Sep 30
- 1 min read

Փարաքարի դեպքի հետ, բնականաբար, ես որևէ կապ չունեմ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ դեռևս 2025 թվականի փետրվարին, երբ Մերձավանի համայնքում տեղի ունեցան միջադեպերը, ինքն ԱԺ-ում հարց է բարձրացրել՝ ինչ կանխարգելիչ միջոցառումներ էր իրականացրել ՆԳՆ-ն։
«Տեսանյութերից պարզ էր դառնում, որ օգտագործվել են ինքնաձիգ և այլ հրազենային միջոցներ, եղել է վիրավոր և զոհ։ Ես հարցրել էի, թե ինչու կանխարգելիչ աշխատանքներ չեն տարվել, երբ օպերատիվ տեղեկություններ կային երկու խմբերի միջև թշնամանքի մասին, ինչի հետևանքով ունեցանք զոհ և վիրավոր»,-նշեց պատգամավորը։
Սարգսյանը շեշտեց, որ որևէ առնչություն չունի քրեական ենթամշակույթի հետ և պարբերաբար ԱԺ-ում հարցեր է բարձրացնում դրա դեմ պայքարի ուղղությամբ։
Լրագրողների հարցին ի պատասխան՝ նա անդրադարձավ նաև իր լուսանկարին Մհեր Ախտոյանի հետ, ասաց․ «Լուսանկարը տարիներ առաջվա է։ Չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ հանդիպել նրան, երևի երկու տարի առաջ։ Նրան ճանաչում եմ փողոցային պայքարից, բայց որևէ կապ նրա հետ չունեմ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ սպանվել է Փարաքարի համայքնապետ ընդդիմադիր Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը, քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը:
Նշենք, որ Փարաքարի միջադեպի շուրջ մամուլում շրջանառվում էին ենթադրություններ, թե դեպքի հետ կարող էր առնչություն ունենալ նաև ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Հրապարակվել էր Սարգսյանի և Մհեր Ախտոյանի լուսանկարը:




















