top of page

Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել ԼՂ-ում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար․ USCIRF

  • Writer: Lilit
    Lilit
  • May 2, 2024
  • 2 min read
ree

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF)  հրապարակել է 2024 թվականի տարեկան զեկույցը, որտեղ Ադրբեջանին վերաբերող հատվածում նշվում է, որ 2023 թվականին երկրում կրոնական ազատության պայմանները բացասական միտում են ունեցել։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Արցախին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար։

2023 թվականի մայիսին Կրոնական հարցերի պետական ​​կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հորդորել էր հայ առաքելական քահանաներին լքել Դադիվանքը՝ կեղծ պնդում հնչեցնելով, թե նրանք, իբր, որևէ կապ չունեն կրոնական վայրի հետ։ Նշվում է, որ թեև հոկտեմբերին Ստեփանակերտում ՄԱԿ-ի առաքելությունը եզրակացրել է, որ «ոչ մի վնաս չի հասցվել մշակութային կամ կրոնական կառույցներին», մյուս կազմակերպությունները շարունակել են մտահոգություն հայտնել տարածաշրջանում վնասների կամ ավերածությունների հնարավորության հետ կապված:

2023 թվականի նոյեմբերին Caucasus Heritage Watch (CHW) հետազոտական ​​նախաձեռնությունը հայտնել է Շուշիի պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցու վնասման մասին։ Նույն ամսին CHW-ն հրապարակել է արբանյակային պատկերներ, որոնք վկայում են, որ հնարավոր վնասներ են հասցվել նաև Շուշիի երկու հայկական գերեզմանատներին։

Հանձնաժողովն առաջարկում է ԱՄՆ կառավարությանը՝ Ադրբեջանը ներառել առանձնահատուկ մտահոգության երկրների ցանկում (CPC), ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի վայրերը և կրոնական կամ մշակութային այլ վայրերը վերականգնելու, պահպանելու և պաշտպանելու համար։USCIRF-ը նաև դիմում է Կոնգրեսին՝ հանրային լսումների և այլ գործողությունների միջոցով արտահայտել մտահոգություններն Ադրբեջանում կրոնական ազատությունների և մարդու իրավունքների ավելի լայն խախտումների վերաբերյալ, հանդես գալ բոլոր կրոնական բանտարկյալների ազատ արձակման օգտին։Նշենք, որ հանձնաժողովը ԱՄՆ Պետքարտուղարությանը խորհուրդ է տալիս ներառել պետություններին առանձնահատուկ մտահոգության երկրների ցանկում (CPC), քանի որ նրանց կառավարությունները թույլ են տալիս կամ հանդուրժում են կրոնի կամ հավատքի ազատության իրավունքի հատկապես լուրջ խախտումներ:

Պետքարտուղարությունը 2023 թվականի դեկտեմբերին CPC ցանկում ներառել է 12 երկիր՝ Բիրմա, Չինաստան, Կուբա, Էրիթրեա, Իրան, Նիկարագուա, Հյուսիսային Կորեա, Պակիստան, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Տաջիկստան և Թուրքմենստան, ինչպես նաև հինգ լրացուցիչ առաջարկություններ՝ կապված Աֆղանստանի, Ադրբեջանի, Հնդկաստանի, Նիգերիայի և Վիետնամի հետ:

bottom of page