Առերևույթ հակասահմանադրական ենք դիտարկում «Եկեղեցու բարենորոգման» անվան ներքո հանրային իշխանության գործողությունները․ իրավաբան գիտնականներ
- Lilit

- 1 hour ago
- 3 min read

Առերևույթ հակասահմանադրական ենք դիտարկում «Եկեղեցու բարենորոգման» անվան ներքո հանրային իշխանության գործողությունները։
Ասված է մի խումբ իրավաբան գիտնականների հայտարարության մեջ։
«Նկատի ունենալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող գործընթացներում Սահմանադրության, միջազգային պայմանագրերի և ազգային օրենսդրության անթաքույց խախտումների բազմաթիվ փաստերը և այդպիսիք շարունակելու նկրտումները, անհրաժեշտ և հրատապ ենք համարում զուտ իրավական տեսանկյունից արձագանքել այդ երևույթներին:
Սահմանադրության հենքով Հայաստանի Հանրապետությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում է որպես Ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում (18-րդ հոդված): Սահմանադրության նույն հոդվածով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: Դեռևս 2007թ. փետրվարի 22-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը: Ըստ այդմ էլ Ազգային եկեղեցին պետության համար անգնահատելի հզոր կառույց է՝ համազգային շահերի համապարփակ պաշտպանության տեսանկյունից:
Այսպիսով, Սահմանադրության 17-րդ հոդվածով ամրագրված պետությունից կրոնական կազմակերպությունների անջատ լինելու հիմնադրույթը պետությանը պարտավորեցնում է երաշխավորել կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, իսկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ հարաբերություններում պետությունը պարտավորվում է ղեկավարվել նաև հատուկ օրենքով:
Ազգային եկեղեցու հետ հարաբերություններում հանրային իշխանության մարմինները և պաշտոնյաները իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով (Սահմանադրության 6-րդ հոդված): Սահմանադրական այս նորմից բնավ չի բխում, որ անհիմն տարածական մեկնաբանությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ կարող են իրականացվել նաև Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված գործառույթների անվան տակ այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով, այլ միջազգային պայմանագրերով և ազգային օրենսդրությամբ: Յուրաքանչյուր գործառույթի համար Սահմանադրությամբ և օրենքներով հստակ սահմանված է լիազորությունների սպառիչ շրջանակ, ուստի արգելվում է օրենսդրությամբ ամրագրված գործառույթների իրականացման պատրվակով դիմել կամայական գործողությունների՝ ներգրավելով ոչ միայն իրավապահ մարմիններին, այլև պետական իշխանության ենթակայության տակ չգտնվող տեղական ինքնակառավարման մարմիններին ու դրանց պաշտոնյաներին: Ընդ որում, վերջիններս ոչ միայն իրավասու չեն միջամտելու ներեկեղեցական կյանքին, հատկապես՝ լիազորությունների գերազանցմամբ ներգործելու եկեղեցականների կամահայտնության վրա, այլև դա անում են անթաքույց գործելաոճով:
Պետական իշխանության տարաբնույթ միջամտությունները՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի հենքով խստորեն և հետևողականորեն դատապարտել է նաև ՄԻԵԴ-ն իր նախադեպային որոշումներով: Իհարկե, դեռևս Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում չեն արձանագրվել պետության միջամտության այնպիսի կոպիտ դրսևորումներ, ինչպիսիք, ցավոք, տեղի են ունենում մեր Երկրում, այնուամենայնիվ, անգամ այդ պարագայում, կրոնական համայնքի գործունեությանը և ինքնավարությանը միջամտելու առնչությամբ որևէ պետության պատճառաբանություն ՄԻԵԴ-ում իրավաչափ չի ճանաչվել: Միաժամանակ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով ամրագրվել է այն իրավական դիրքորոշումը, որ ներեկեղեցական, կրոնական համայնքի ներքին կառուցակարգային և ընթացակարգային հարաբերությունների առնչությամբ որևէ հարց չի կարող քննարկման առարկա լինել դատական ատյաններում, ընդ որում, դա ևս դիտվում է որպես պետության ապօրինի միջամտություն:
Վերոգրյալ համատեքստում, առերևույթ հակասահմանադրական ենք դիտարկում «Եկեղեցու բարենորոգման» անվան ներքո հանրային իշխանության գործողությունները, որոնք ոչ միայն գործնականում հանգեցնում են Ազգային եկեղեցու արհեստական պառակտմանը, հավատացյալների խղճի ու կրոնի ազատության խախտումներին, այլև սահմանադրական կարգի հիմունքների խաթարմանը: Վերջին հաշվով, Ազգային եկեղեցին համազգային կրոնական կառույց է, ներկայացնում է ողջ հայությանը, ըստ այդմ էլ նրա առաջնորդն ընտրվում է սփյուռքի լայն ներգրավմամբ: Այս իրողության անտեսումը անխուսափելիորեն հանգեցնելու է նաև Սահմանադրության 19-րդ հոդվածով ամրագրված սփյուռքի իրավական կարգավիճակի և նրանց հանդեպ պետության պարտավորության հիմնադրույթների շրջանցմանը:
Անհրաժեշտ է նաև ձեռնպահ մնալ առանձին եկեղեցականների և Ազգային եկեղեցու վերաբերյալ, հատկապես՝ տարբեր պաշտոնական ամբիոնների օգտագործմամբ մերկապարանոց զրպարտանքից և վիրավորական որակումներից: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել և մնում է բոլոր երկրների հետ փոխադարձ բարիդրացիական հարաբերություններ, կայուն և արժանապատիվ խաղաղութուն հաստատելու անխաթար հենասյունը, ուստի համազգային շահերի վերաբերյալ հրապարակավ արտահայտած դիրքորոշումները միանգամայն համահունչ են ինչպես իր սահմանադրական կարգավիճակին, այնպես էլ Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված արտաքին քաղաքականության հիմնադրույթներին: Այս համատեքստում, Հայ Եկեղեցուն, այսպես կոչված, թշնամանք սերմանելու մեջ մեղադրանքներ հնչեցնելը առնվազն հիմնազուրկ է:
Ներկայումս Երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին համարժեք հակազդելու, մասնավորապես, հանցավորության աննախադեպ աճի, թմրամոլության կործանարար դրսևորումների և ներքին թշնամանքի ու սոցիալ-տնտեսական բազում սպառնալիքներին դիմակայելու, ըստ այդմ էլ հանրությունը համախմբելու հրամայականն էլ ավելի է ընդգծում Սահմանադրությամբ նախատեսված հանրային իշխանության մարմիններին և պաշտոնատար անձանց ոչ իրենց կարգավիճակին հարիր գործընթացների մեջ ներքաշելու մեծ վտանգը: Մտահոգող է նաև իրավաչափ որևէ խնդիր չլուծող և անթաքույց հակաեկեղեցական օրինագծերի առատությունը: Այդ գործելաոճը ոչ միայն աղերսներ չունի իրավունքի գերակայության հետ, այլև խոչընդոտում է այդ հանրային իշխանության մարմիններին՝ կյանքի կոչելու իրենց սահմանադրական առաքելությունը և թիրախավորում է սահմանադրական կարգի հիմունքները:
Ակնկալում ենք, որ մեր փաստարկված մտահոգությունները համարժեք կընկալվեն, ինչը բխում է մեր Երկրի, ժողովրդի, պետականության և Հայ Եկեղեցու համընդհանուր շահերից:
ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԱՐՍԵՆ ԹԱՎԱԴՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,
ԱՐՍԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,
ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,
ԳՐԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,
ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,
ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,
ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, սահմանադրագետ,
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու,
ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու,
ՌՈՒԲԻՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու,
ԼՅՈՒԴՎԻԿ ԴԱՎԹՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու,
ՄԱՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու,
ՀՈՒՆԱՆ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆ, իրավաբանական գիտությունների թեկնածու»։




















