top of page

ԵՄ-ում բենզինի և դիզելի գները ռեկորդ են սահմանել

3 days ago
1 min read

Եվրամիությունում բենզինի և դիզելային վառելիքի գները հասել են պատմական ամենաբարձր մակարդակին։ Այժմ 50 լիտրանոց բաքը բենզինով ամբողջությամբ լցնելու համար միջինում անհրաժեշտ է մոտ 103 եվրո, իսկ դիզելով՝ մոտ 108 եվրո։ Այս մասին գրում է Euronews-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի տվյալներին։



Սեպտեմբերի 14-ի դրությամբ ԵՄ-ում մեկ լիտր բենզինի միջին գինը կազմել է 2,063 եվրո, իսկ դիզելինը՝ 2,159 եվրո։ Երկու դեպքում էլ սա ամենաբարձր ցուցանիշն է 2005 թվականից ի վեր, երբ Եվրահանձնաժողովը սկսել է նման վիճակագրություն վարել։



Միաժամանակ ԵՄ տարբեր երկրներում վառելիքի գները զգալիորեն տարբերվում են։ Ամենաէժան բենզինը Մալթայում է՝ 1,34 եվրո մեկ լիտրի համար, իսկ ամենաթանկը՝ Դանիայում՝ 2,56 եվրո։ Դիզելային վառելիքը նույնպես ամենաէժանն է Մալթայում՝ 1,21 եվրո, իսկ ամենաթանկը՝ Ֆինլանդիայում՝ 2,51 եվրո մեկ լիտրի համար։



Վառելիքը թանկանում է արդեն մի քանի ամիս։ Euronews-ը դա կապում է փետրվարի վերջին սկսված ԱՄՆ-Իրան պատերազմի և Հորմուզի նեղուցով էներգակիրների մատակարարումների խափանումների հետ։ Հակամարտության ամենալարված շրջանում Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 126 դոլարը, մինչդեռ պատերազմից առաջ այն մոտ 72 դոլար էր։



2026 թվականի սկզբից ԵՄ-ում բենզինի միջին գինն աճել է մոտ 29 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը՝ գրեթե 40 տոկոսով։



Սակայն թանկացման պատճառը միայն նավթի գինը չէ։ Աճել են նաև նավթի վերամշակման ծախսերն ու նավթավերամշակող ընկերությունների մարժաները։ Բացի այդ, վերջնական գնի զգալի մասը կազմում են հարկերը։ Եվրոպական կենտրոնական բանկի հաշվարկներով՝ հուլիսին ակցիզային հարկն ու ԱԱՀ-ն միասին կազմել են դիզելի մանրածախ գնի մոտ 44 տոկոսը, իսկ բենզինի դեպքում՝ 52 տոկոսը։


Եվրոպական կենտրոնական բանկի փորձագետները չեն բացառում, որ հատկապես դիզելային վառելիքը կարող է էլ ավելի թանկանալ։ Նրանց գնահատմամբ՝ դիզելի վերամշակման մարժան առավելագույն մակարդակին կարող է հասնել հոկտեմբերին։



Փորձագետների խոսքով՝ գների նվազման համար կարևոր է Մերձավոր Արևելքում պատերազմի ավարտը, Հորմուզի նեղուցով էներգակիրների բնականոն տեղափոխման վերականգնումը և նավթի համաշխարհային վերամշակման ծավալների ավելացումը։

1/3633
bottom of page