top of page

Ուխտագնացություն դեպի Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցի



Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնին, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ Արցախի թեմը կազմակերպեց ուխտագնացություն դեպի Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցի: Այդ մասին հայտնում են հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմից:


Օրվա խորհրդին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եխպիսկոպոս Աբրահամյանի և Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանի հանդիսապետությամբ Պատարագ մատուցեց Մարտակերտ քաղաքի հոգևոր հովիվ, Գանձասարի վանքի ծիսակատար քահանա Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, իսկ օրվա խորհուրդը ներկայացրեց Ասկերան քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը:


Այս անգամ ուխտավորաբար Գանձասար էին ժամանել Հայաստան աշխարհի Տավուշի թեմի հոգևորականաց դասը՝ առաջնորդությամբ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանի, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ծնողներ և Արցախի թեմի հավատավոր զավակներ:


Չնայած օրվա ցուրտ եղանակին, եկեղեցին բազմամարդ էր և լցված սիրո ջերմությամբ: Զգացումները տարբեր էին և հուզումնալից: Հայ հավատավոր ուխտավորներն մերթ իրենց ուրախությունն էին գտնում սիրո և միաբանության մթնոլորտում, մերթ հիշում վերջին չարաբաստիկ պատերազմն՝ իր սպիացած վերքերով: Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանն իր քարոզի մեջ անդրադարձավ իր նախկին ծառայության վայրի՝ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում սպասավորելու տարիներին:

1/2102
bottom of page